ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԳԱՂՏՆԱԼՍԻ  
Հայաստանում բջջային կապի 4-րդ օպերատորը ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom-ն է լինելու: Ռոբերտ Նազարյանը որոշել է, որ առանց մրցակիցների կայացած «մրցույթում» հաղթել է Ucom-ը:
Նշենք, որ Ucom ընկերությունը մի քանի ամիս առաջ Ռ. Նազարյանի գլխավորած հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) էր դիմել՝ 800 մեգահերց տիրույթում նոր ռադիոհաճախականության տիրույթ ստանալու համար: Երեկ տեղի ունեցած ՀԾԿՀ նիստի ընթացքում որոշում կայացվեց հաճախականությունը տրամադրել Ucom-ին: Ինչպես հանձնաժողովից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, բացի Ucom-ից՝ այլ ընկերություն մրցույթին հայտ չէր ներկայացրել: «Ինչպես որ կանխավ հայտնել էինք, մրցույթն անցկացվեց բաց ու թափանցիկ պայմաններում»,-հպարտությամբ նշեցին հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսպիսով՝ «բաց ու թափանցիկ» կերպով պետական ամենահարուստ պաշտոնյա Գագիկ Խաչատրյանը հեռահաղորդակցության ոլորտում ունեցավ հերթական մեծ ձեռքբերումը, որն ինքնին փայլուն հնարավորություն է վաղուց ծրագրած գաղտնալսումների երազանքը առավել դյուրինությամբ կատարելու համար: Ինչպես տեղեկացրել էինք, Խաչատրյանը գաղտնալսումներ իրականացնելու անհրաժեշտություն էր զգացել հատկապես իր դեմ կատարված մահափորձից հետո: Իսկ այսուհետ առավել հեշտությամբ կստացվի գաղտնալսել նաեւ գործարարների ու քաղաքական դաշտի ներկայացուցիչների խոսակցությունները, որոնց նկատմամբ պաշտոնական ու բիզնես հետաքրքրություններ ունի: Բնականաբար, այդ միջոցով Տամոժնի Գագոն կարողանում է հնարավոր մրցակիցներին ոչնչացնել: Տեղեկություններ կան նաեւ, որ Գ. Խաչատրյանը նույն գաղտնալսումներն արդեն վաղուց իրականացնում է իրեն պատկանող «Յուքոմ» ընկերության միջոցով:
Եվ որպեսզի մերկապարանոց չլինի պնդումը, որ Խաչատրյանն ամենահարուստ պաշտոնյան է, թվարկենք նրան պատկանող ընկերությունների մի ողջ շարան. «Մեգա ֆուդ»-ը, որը զբաղվում է սննդամթերքի ներկրմամբ, խոշոր հարկատուների մեջ 141-րդն է (612 մլն դրամի հարկատու), «Մեգա կոնցեռն»-ը 287-րդն է (281 մլն դրամ), «Ապեյրոն»-ը` 320-րդը (253 մլն դրամ), «Մեգամոթորս»-ը 550-րդ տեղում է (138 մլն դրամ), «Ալյանս տերմինալ»-ը՝ 660-րդը (112 մլն դրամ), իսկ ահա «Մեգասպորտ» խանութների ցանցը գտնվում է 693-րդ տեղում (106 մլն դրամ)… Շարքը շարունակելի է:
Այսպիսով՝ մեր երկրում հերթական անմրցակից մրցույթի հաղթողի համար գաղտնի ու արտոնյալ մի միջավայր ստեղծվեց, որի միջոցով նա կարող է ոտնատակ անել բիզնեսի գրված ու չգրված բոլոր օրենքները. Տամոժնի Գագոն թեեւ ոչ գաղտնի ճանապարհով, բայց գաղտնալսումների ամենահարմար «զենքը» ձեռք բերեց, պետությունն էլ՝ ի դեմս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «անուշ լինի» ասաց՝ մրցույթը որակելով ազատ, արդար, թափանցիկ:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս