ՀԱՐՑ. Ընկերս մեկ օրացուցային տարվա ընթացքում վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը: Նա հենց նույն տարվա մեջ ձեռք է բերել նոր բնակարան ու կրկին վաճառել: Խնդրում եմ ասել` այս դեպքում հարկային պարտավորություն առաջանում է, թե ոչ: Նա ստիպված կլինի՞ ինչ-որ վճարներ կատարել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքի՝ բնակարանի, առանձնատան (այդ թվում՝ անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե դա կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Այս դեպքում բնակարանի օտարման երկրորդ գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման (ԱԱՀ-ի շեմը տվյալ դեպքում չի կիրառվում):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ եթե հանգամանքների բերումով անձը մեկ տարվա ընթացքում երկու բնակարան է վաճառում, ուրեմն նա հարկերից ու վճարներից խուսափել չի կարող: Կառավարությունը, ինչպես միշտ, օգտագործում է անգամ ամենափոքր հնարավորությունը` բյուջեն քաղաքացիների հաշվին լցնելու համար: