Կարեն Կարապետյանն ու վարչապետը հանդիպել են. ինչո՞ւ կրկին «զոհաբերվեց» Հովիկ Աբրահամյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի կողմից օգոստոսի 1-ին հայտարարված «Ազգային համաձայնության» կառավարության ձեւավորմանն ուղղված քայլերի մեկնարկը տրված է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կվարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չի բացառվում հայտարարի իր հրաժարականի մասին, որից հետո ինքնաբերաբար հրաժարական կտան նաեւ բոլոր մյուս նախարարները:

Նկատենք, որ սա Հովիկ Աբրահամյանի երկրորդ հրաժարականը կլինի Հայաստանի ամենաբարձր պաշտոնից՝ հանուն կուսակցության: Ինչո՞ւ, որովհետեւ խոսվում է, որ Աբրահամյանը գլխավորելու է 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների` ՀՀԿ նախընտրական շտաբը, եթե, իհարկե, երիտթեւը նաեւ այդ հարցով խարդավանքներ չհյուսի Աբրահամյանի դեմ:

Հիշեցնենք, որ երբ 2014 թվականի ապրիլի 13-ին Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, «Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ անց՝ 2015-ի հունվարի 25-ին, գրեց «…երբ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, վերջինիս շրջապատը ցնծում էր, իսկ իշխանության, այսպես կոչված, երիտասարդ թեւը (այդպես ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմին) շատ հանգիստ, ինչ-որ տեղ նաեւ հեգնանքով էր վերաբերվում Աբրահամյանի շրջապատի ցնծությանը… Երիտթեւի ներկայացուցիչները վստահ էին, որ Հովիկ Աբրահամյանը դեռ զղջալու է այս փուլում վարչապետ դառնալու համար, եւ իրականում նա վերածվելու է «քավության նոխազի»»:

Այսպես էլ եղավ. Սերժ Սարգսյանի համար ամենակարեւոր պահին, երբ իշխանության նկատմամբ անվստահությունը մահացու աստիճան բարձր տոկոս է կազմում, Հովիկ Աբրահամյանը կրկին զոհաբերվեց՝ տեղը զիջելով մի մարդու, որը Երեւանի քաղաքապետի պաշտոնից 2011-ին հրաժարվեց՝ Մոսկվայում առավել բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Թեեւ այդ օրերին բոլորին էր հայտնի, որ նույն երիտթեւի խարդավանքներից «կշտացած» Կարեն Կարապետյանը լքեց Հայաստանը: Հիմա նա վերադարձել է արդեն վարչապետ նշանակվելու խոստման դիմաց եւ պայմանով, որ տնտեսական ոլորտի նախարարներին պետք է իր թիմի մարդկանց նշանակի:

Հ.Գ. Երեկ ցերեկը «Ժողովուրդ»-ի թղթակիցը ՀՀ կառավարության ետնամուտքի մոտ նկատել է, որ Կարեն Կարապետյանը մեքենայով մտել է ՀՀ կառավարության շենք՝ թերեւս հանդիպելու ՀՀ գործող վարչապետին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս