Անկախության 25-ամյակին նվիրված շքերթը Հանրապետության հրապարակում (տեսանյութ). Ազատություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-­ին նշում է անկախության 25-­րդ հոբելյանական տարեդարձը: Հայ ժողովուրդը 25 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-­ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-­ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Հայաստանի ազգային տոնացույցի կարեւորագույն այս տոնի «հիմնադրմանը» նախորդել էր 1990 թվականի օգոստոսի 23-­ը. օր, երբ սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին: Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանի ժամանակ ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Դրանով հանրապետության խորհրդարանն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-­ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Հռչակագրի ընդունմամբ հայ ժողովրդի կյանքում նոր ժամանակաշրջանի սկիզբ դրվեց և Հայաստանի պատմության մեջ սկսվեց երրորդ հանրապետության կառուցումը։ Արդյունքում` Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: ՀՀ տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը ՀՀ քաղաքացիության իրավունք ունի:

Նորանկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-­ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2005 թ. նոյեմբերի 27­-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույնն է, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության /1918-­1920 թ.թ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը եւս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությունը հեղինակել է Բարսեղ Կանաչյանը: Սեպտեմբերի 21-­ն ազգային հպարտության օր է. անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը 25 տարի է՝ այլևս իրականություն է:

Երևանում մեկնարկել է Անկախության 25-ամյակին նվիրված շքերթը:

Ուղիղ միացումը` Ազատության




Լրահոս