Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը ՀՀ անկախության հանրաքվեի 25-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունը ՀՀ անկախության հանրաքվեի 25-ամյակի առթիվ:

«Անկախության հանրաքվեից քառորդ դար անց, երբ հայ ժողովուրդը կանգնած է ներքին և արտաքին գոյութենական մի շարք մարտահրավերներին դեմ հանդիման, ցավով ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի ներկա հանրապետությունը՝ որպես հայ ազգի քաղաքա-տնտեսական և հոգևոր-մշակութային զարգացումը և

ֆիզիկական անվտանգությունը ապահովող բարձրագույն կազմակերպվածք, գտնվում է հասարակությունից վերջնական օտարման փուլում:

Ներկա պետականությունը ստեղծվեց որպես արդյունք իրար հետ շաղկապված երկու քաղաքական գործընթացների՝ մի կողմից Արցախյան ազգային-ազատագրական համաժողավրդական շարժման, մյուս կողմից՝ Խորհրդային Միության փլուզման և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Եվրոպայում ստեղծված անվտանգային ճարտարապետության արմատական վերանայման:

Սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական համակարգերը, անցում կատարելով շուկայական տնտեսության և արտաքուստ ստեղծելով ժողովրդավարական ինստիտուտներ, ի տարբերություն մի շարք արևելաեվրոպական և խորհրդային երկրների, չենթարկվեցին ապամոնոպոլիզացնող ինստիտուցիոնալ փոխակերպումների՝ խորքում պահպանելով խորհրդային քաղաքական մատրիցայի միաբևեռ ուժային հենքը:

Սա, ի վերջո. ներքին քաղաքականության մեջ հանգեցրեց կեղծ բազմակուսակցական, իրականում՝ ոստիկանապետական ավտորիտար նոր համակարգի ստեղծմանը՝ հենված այս անգամ արդեն ոչ թե պլանային, այլ շուկայական տնտեսության մոնոպոլիցացման վրա: Իսկ արտաքին քաղաքականության մեջ քսանհինգամյա արդյունքը ինքնիշխանության օրըստօրե փոշիացումն էր և Ռուսաստանի առանցքի շուրջ կառուցվող նորգաղութային ձևաչափերի մեջ ներգրավումը:

Որպես հետևանք ունեցանք համակարգային կոռուպցիայով վարակված կառավարման գաղութային վարչակազմ, տնտեսական մրցակցության բացակայություն, արտաքին պարտքերի մեջ թաղված և արտերկրից գումարային փոխանցումների վրա հիմնված և օրեցօր սննկացող տնտեսություն, սոցիալական ահռելի բևեռացում և բնակչության մեծամասնության աղքատացում, ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների

դեկորատիվացում, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, մշակութային ժառանգության և ստեղծագործականության ոչնչացում և այս իրականությունից փախչող բնակչության աղետալի արտագաղթ:

Ապրիլյան պատերազմը բացահայտեց նաև ֆիզիկական անվտագության և տարածական կորուստների ահագնացող վտանգը: Հայ ազգը 25 տարի անց նորից կանգնած է Արցախի նորօրյա կորստի իրական վտանգի առջև, երբ իրեն պարտադրվում են այսպես կոչված «փոխզիջումներ», որոնց ընդունման պարագայում հայ ժողովուրդը դոմինոյի սկզբունքով կհայտնվի նախ ազատագրված տարածքների, ապա՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի, ապա և՝ Սյունիքի անխուսափելի կորստի, ուրեմն և՝ Հայաստանի Հանրապետության ոչնչացման վտանգի առջև:

Ներկայումս հարևան մերձավորարևելյան տարածաշրջանում սկսվել են առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային ճարտարապետության և քաղաքական աշխարհագրության տեկտոնիկ փոփոխությունները: Հարկ է հիշել, որ հայկական առաջին Հանրապետությունը առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհում սկսված ապագաղութացման գործընթացների միաժամանակ մասնակից և արդյունք էր:

Սակայն տարածաշրջանում խորհրդաթուրքական գործակցությամբ այդ գործընթացների սառեցման, ապա և վերագաղութացման գործողությունների հետևանքով այն զրկվեց ինքնիշխանությունից, մասնատվեց, իսկ Հայկական ԽՍՀ-ն և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը այդ գործընթացների մնացորդային արդյունքն արձանագրող գաղութային տարբեր կարգավիճակ ունեցող միավորներ էին:

Հայաստանի ներկայիս հանրապետությունը իր սկզբնավորման շրջանում իրեն դիրքավորեց ոչ թե որպես գաղութացված, ամբողջական Հայրենիքի նկատմամբ համահայկական իրավունքի և դրա իրականացման ճանապարհին ստեղծված առաջին Հանրապետության, այլ որպես Հայկական ԽՍՀ-ի ժառանգորդ: Այս առումով առաջին Հանրապետության խորհրդանիշերի փոխառումը բավականին արդյունավետ կերպով քողարկում է այդ Հանրապետության իրավաքաղաքական ժառանգության մերժումը:

Այսպիսով, ներկայումս Արցախյան հարցը պետք է դիտարկել տարածաշրջանում, հիմնականում Իրանի տնտեսաքաղաքական ապաշրջափակմամբ առաջանալիք խորհրդաթուրքական քաղաքական պայմանավորվածությունների փոփոխությունների և ավելի լայն մերձավորարևելյան և արելաեվրոպական տարածաշրջանում ընթացող ապագաղութացման գործընթացների համատեքստում:

Տարածաշրջանում առաջացած հարափոփոխ անկայուն իրավիճակը պահանջում է հայ ժողովրդից սեփական շահերի և հնարավորությունների ճշգրիտ հաշվարկ և ընթացող գործընթացներում վճռականություն և բավարար նախաձեռնողականություն, որպեսզի ոչ միայն նորից չհայտնվենք հայրենազրկված զոհի կարգավիճակում, այլև իրավիճակի կայունացումից հետո շահած դուրս գանք:

Դրա համար կան բավարար հիմքեր: Նախ տարածաշրջանում, ի տարբերություն հարյուր տարի առաջվա իրականության, բացի ռուսական և թուրքական գործոններից կան ևս երկու՝ իրանական և արևմտյան զսպող գործոններ: Բացի այդ, այսօրվա կյանքի որակը, անկախության սերնդի առկայությունը բանակում և քաղաքացիական հասարակության մեջ և մի շարք այլ գործոններ դրական իմաստով էապես տարբեր են մեկ դար առաջվա համեմատությամբ:

Այսօրվա հիմնական հակառակորդը ոչ այնքան արյունարբու ոսոխն է, որքան ապազգային ու հանցավոր ռեժիմը: Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգը, ըստ էության վերածվել է ազգային շահերի հաշվին գաղութարարի ու գաղութային վարչակազմի շահերն սպասարկող մեխանիզմի:

Որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերագտնի իր իրավասուբյեկտայնությունը, նրա քաղաքացիները պետք է դրսևորեն սահմանադրաիրավական կամք և գործելով ազգային շահերի և քաղաքացու իրավունքների վերականգնաման դիրքերից՝ ըստ էության վերստեղծեն Հայաստանի նոր հանրապետությունը՝ իր նոր ապամոնոպալիզացված ներքին քաղաքականությամբ և ապագաղութացման խնդիրը լուծող արտաքին քաղաքականությամբ:

Հայության ու Հայաստանի քաղաքացիների նորօրյա ինքնորոշումը դառնում է օրախնդիր առաջադրանք:

Ուստի մեր ժողովրդի բոլոր առողջ և արժանապատիվ ուժերին ու անհատներին կոչ ենք անում գիտակցել պատմական պահի կարևորությունը, զորաշարժի ենթարկել իրենց բովանդակ ներուժը՝ մակաբույծ գաղութային ռեժիմին հեռացնելու նպատակով անհապաղ սկսելով ազգային համախմբումը և ազգային վստահության կառավարության ձևավորումը: Սա է սահմանադրականության վրա հիմնված Նոր Հանրապետություն հիմնադրելու ճանապարհին արվելիք առաջին անհրաժեշտ քայլը»:




Լրահոս