Ազգային կրթական համակարգերի զարգացումը` համագումարի առանցքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում այսօր ամփոփվել են “Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում” խորագրի ներքո ընթացող համագումարի աշխատանքները, որի շրջանակում կայացել է ԱՊՀ կրթության նախարարների խորհրդի նիստը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նկատել է, որ կայացած հանդիպումները ցույց են տվել, որ կրթության համակարգում առկա հիմնախնդիրներն ու մտահոգությունները գրեթե նույնն են: “Անկախության տարիներին, անշուշտ, մենք ձևավորել ենք մեր ազգային կրթական համակարգը, բայց փոքր ժողովուրդների համար շատ կարևոր է, որ կարողանան ապահովել ազգային կրթակարգերի սահուն զարգացումը մեծ տարածքներում: Քաղաքակրթական, հատկապես կրթական մեծ տարածքներին անդամակցումը և համաշխարհային զարգացումներին մեր ընդհանուր գաղափարախոսության ուղղորդումը շատ կարևոր են: Այս առումով մեր քննարկումները Մոսկվայում բավականին արդյունավետ էին:

Մեր գործընկերներն ունեն այն համոզումը, որ պետք է համընթաց, առանց եղածը քանդելու և վտանգելու կարողանանք զարգացնել մեր ազգային կրթական համակարգերը` համաշխարհային կրթական գործընթացներում առաջիններից մեկը լինելու համար”,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Երկօրյա համագումարի ընթացքում պատվիրակները մասնագիտացված խմբերում քննարկել են հանրակրթության ողջ ոլորտին առնչվող ժամանակակից մանկավարժության մարտահրավերներն ու հիմնախնդիրները, փորձել համընդհանուր ուղիներ գտնել դրանց լուծման համար, անդրադարձել մանկավարժական կադրերի պատրաստման և կրթության համակարգին վերաբերող ամենատարբեր հարցերի: Մանկավարժության, կրթական գործի նորագույն մեթոդների ներկայացման համար կազմակերպվել են նորարար-մանկավարժների վարպետաց-դասեր:

Համագումարի շրջանակում կազմակերպվել է նաև ԱՊՀ երկրների կրթական համակարգերի ձեռքբերումներն ու հաջողությունները ներկայացնող ցուցահանդես: Պատվիրակներն այցելել են Մոսկվայի թիվ 1409 պետական գիմնազիա, որտեղ ծանոթացել են ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կառավարման նոր համակարգին ու կրթական գործընթացի կազմակերպման ժամանակակից և նորագույն մոտեցումներին:




Լրահոս