ՀՀ կառավարության՝ անցած շաբաթվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց վերահսկել խաղողի մթերման գործընթացը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարչապետի հանձնարարականից հետո գրեթե բոլոր վերամշակող ընկերություններում սկսել են խաղողի մթերման ակտիվ աշխատանքներ:
Խաղողի մթերման գործընթացի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ:
-Պարո՛ն Մակարյան, ինչպե՞ս են ընթանում խաղողի մթերման աշխատանքները:
-Խաղողի մթերման գործընթացը իր բնականոն հունով ընթանում է: Ի դեպ, մենք մեր ձեռքի տակ ունենք գրաֆիկ, թե որ վերամշակող գործարանները պետք է բացվեն առաջիկայում: Իսկ այսօրվա (երեկվա- Ս.Հ.) դրությամբ ՀՀ վերամշակող գործարանների կողմից արդեն մթերվել է 42 հազար տոննա խաղող:
-Ո՞ր ընկերություններն են խաղող մթերում եւ ո՞ր մարզերից:
-Երեւանի կոնյակի եւ գինու գործարանը մթերում է Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչներից: «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատը նույնպես մթերումներ իրականացնում է Արմավիրի եւ Արարատի մարզերի խաղողագործներից: «Արարատ»-ի, «Ավշար»-ի գինու, կոնյակի գործարանները խաղող մթերում են միայն Արարատի մարզի խաղողագործներից: «Վան 777» վերամշակող գործարանը Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներից է խաղող մթերում: Պռոշյանի գինու, կոնյակի գործարանը արդեն սկսել է մթերումը վերը նշված երկու մարզերի բնակիչներից: Երասխի գինու գործարանը արդեն մեկ ամիս է, ինչ սկսել է մթերումները: «Արտաշատ Վինկոն»-ը Արարատի մարզի խաղողագործներից է խաղող մթերում, իսկ Իջեւանի գինու գործարանը՝ Արմավիրի մարզից: Եղվարդի գինու գործարանը Կոտայքի մարզի բնակիչներից է խաղողի մթերումներ անում: «Արմենիա վայն»-ը Արագածոտնի մարզի խաղողագործներից է մթերում իրականացնում եւ այլն: Առաջիկայում այլ ընկերություններ եւս կսկսեն խաղող մթերել՝ ըստ իրենց պլանավորած ծավալների:
-Պարո՛ն Մակարյան, Ձեր կողմից նշված ընկերությունները նախապես կնքած պայմանագրեր ունե՞ն գյուղացիների հետ, թե՞ վարչապետի հանձնարարականով են մթերում:
-Կան վերամշակող գործարաններ, որոնք գյուղացիների հետ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Կան նաեւ գործարաններ, որոնց տնօրինությունը բանավոր պայմանավորվածություն ունի խաղողագործների հետ եւ նրանց պայմանագրերը կնքվում են տեղում:
-Իսկ վերամշակող ընկերութունները խաղողը մթերելու դեպքում վճարումները կանխի՞կ տարբերակով են կատարում, թե՞ ապառիկ:
-Տարբեր վերամշակող գործարաններում մոտեցումները տարբեր են. կան որ ունեն պայմանագիր եւ ըստ դրա էլ կազմում են մարման գրաֆիկ եւ ինչ-որ ժամանակահատվածում կմարեն: Իսկ կանխիկ տարբերակով աշխատում է միայն Երեւանի գինու եւ կոնյակի գործարանն ու «Արարատ» գինու, կոնյակի եւ օղու կոմբինատը:
-Իսկ աղավնաձորցիների եւ «Վեդի Ալկո»-ի խնդրի լուծումը ո՞ր փուլում է: Ընկերությունը դեռ չի՞ վճարել Վայոց ձորի մարզի Աղավնաձորի բնակիչների հանդեպ ունեցած 145 մլն դրամ պարտքը:
-Այս մասով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը գտնվում է գյուղնախարար Իգնատի Առաքելյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Կոնկրետ օր չեմ կարող նշել, բայց առաջիկայում կմարվի գյուղացիների պարտքը: Քանի որ կոնկրետ գործնական քայլեր են կատարվում այս խնդրի լուծման ուղղությամբ:
-Նախորդ տարի գինի, կոնյակ արտադրողները մեծ քանակությամբ խաղող մթերեցին, որոշ ժամանակ անց նույն ընկերությունները դժգոհում էին, որ չեն կարողանում արտադրած գինին, կոնյակը իրացնել: Եւ հիմա նրանք նորից մթերում են…
-Մթերումների հետ կապված երկարաժամկետ ժամանակահատվածի համար ծրագիր է մշակվում, որպեսզի անկախ արտաքին գործոններից վերամշակողները խնդիրներ չունենան: Քանի որ նրանց մոտ առկա խնդիրները անդրադառնում են նաեւ գյուղացիների վրա:
-Վերամշակող ընկերությունները գյուղացուն մեկ կիլոգրամ խաղողի դիմաց ի՞նչ գին են առաջարկում:
-Գները կարգավորվում են ըստ խաղողի տեսակների եւ որակի: Այն գյուղացիները, որոնք չունեն վերամշակող ընկերությունների հետ կնքած պայմանագրեր, իրենց գինն առաջարկում են ըստ տեսակի եւ որակի: Բայց գները տարբեր են:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ վարչապետի հանձնարարականից հետո խաղողի մթերման գործընթացին լծվել են նաեւ ՀՀ մարզպետները: Վերջիններս նույնիսկ սկսել են այցելել վերամշակող գործարաններ: Ստացվում է, որ եթե վարչապետի հանձնարարականը չլիներ, մարզպետները «էշի ականջում քնած» կմնային:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ
Թեպետ հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրութուններին մնացել են հաշված օրեր, սական նոր ընտրական գործընթացը շարքային վանաձորցիներից շատերին հասու չէ. նրանք մինչ օրս կարծում են, թե անձ են ընտրելու, այլ ոչ կուսակցություն: Մեզ հետ զրույցում 73-ամյա Ռոզա տատիկը հայտնեց, որ ինքը ընտրելու է իրենց բարեկամի տղային, ով x կուսակցության անդամ է, մեր դիտարկմանը, թե ինքը ոչ թե իր բարեկամին է ընտրելու, այլ բարեկամի կուսակցությանը, տատիկը նեղսրտած արձագանքեց, որ ինքը որեւէ կուսակցության չի ցանկանում ընտրել եւ որ ընտրության է գնալու միայն ու միայն բարեկամին ձայն տալու համար:
Ռոզա տատիկի նման շատերն են Վանաձորում, ովքեր տեղյակ չեն ընտրական նոր ձեւաչափից, ինչն էլ կարող է հանգեցնել հարյուրավոր անվավեր քվեաթերթիկների: Այս առիթով երեկ Վանաձորում ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպեց թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը: Ի դեպ, հանդիպմանը հրավիրված էին ոչ միայն ԶԼՄ ներկայացուցիչներ, այլեւ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնցից միայն 4-ն էին ներկայացել: Հանդիպման ընթացքում նաեւ նշվեց ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացվածութան մասին՝ կոնկրետ թվերով:
ԲՀԿ՝ 28 հոգի, «Լուսավոր Հայսատան»՝ 35, ՀԱԿ՝ 33, որից 3-ը ներկայացրել է ինքնաբացարկ, «Համախմբում»՝ 33, «Հայկական վերածնունդ»՝ 70, ՀՀԿ՝ 68, ՀՅԴ՝ 38, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 21: Սահմանված 10-օրյա ժամկետում ինքնաբացարկ են ներկայացրել միայն ՀԱԿ կուսակցությունից 3 հոգի, որոնց անունները հանված են ցուցակից:
Ընտրությունները կանցկացվեն 58 տեղամասերում: Այս անգամ ՏԻՄ ընրությունների ժամանակ շրջիկ արկղ չի լինելու:
Պապանյանը եւս մեկ անգամ հիշեցնում է. ընտրելու են կուսակցություն, ոչ թե անհատի, եւ անհատի դիմաց նշանը դնելու դեպքում քվեաթերթիկը պարզապես անվավեր է ճանաչվելու:
Խոսելով մինչ այժմ հայտնաբերված խախտումների մասին՝ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը հայտարարեց, որ հանձնաժողովը որեւէ ահազանգ չի ստացել, փոխարենը իրենց կողմից է երկու խախտում հայտնաբերվել՝ հասարակական տրանսպորտում քարոզչական նյութերի փակցման հետ կապված: Նմանատիպ խախտումներ թույլ է տվել «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ Վանաձորի ներքաղաքային որոշ միկրոավտոբուսների վրա փակցնելով Արկադի Փելեշյանի լուսանկարը, ինչպես նաեւ «Համախմբում» կուսակցությունը՝ ցուցակի երկրորդ համարն զբաղեցնող Վիկտոր Դարբինյանին պատկանող տաքսի ծառայության մեքենաների վրա պաստառներ փակցնելով:
Խախտումներն, ըստ Պապանյանի, արդեն իսկ վերացված են: Լրագրողների այն դիտարկմանը, որ օրենքով արգելված է նաեւ խանութների եւ սննդի օբյեկտների վրա քարոզչական նյութեր փակցնել, Պապանյանը արձագանքեց.«Եթե նման բան կա, գրավոր ներկայացրեք՝ նշելով հասցեն, անպայման կզբաղվենք»:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր