Կառավարության ծրագրի հետևում կանգնած է Կարեն Կարապետյանի սիրտը, ուղեղը, արյունը. Վազգեն Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատ կարևոր է, թե այդ լավ նախադասությունների հետևում կամք կա՞ կանգնած, թե ոչ: Հանդիպելով Կարեն Կարապետյանին և ճանաչելով իրեն վաղուց, ես համոզված եմ, որ այն ինչ ինքը գրել է դրա հետևում կանգնած է իր սիրտը, ուղեղը, արյունը: Այսինքն՝ վճռական ձևով նա ուզում է այդ փոփոխությունները անել»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ներկայացված կառավարության նոր ծրագրին:

Խոսելով կադրային փոփոխությունների մասին Վազգեն Մանուկյանը նշեց, որ Կարեն Կարապետյանն այս հարցում ևս բավականին վճռական է տրամադրված: «Եթե մենք չփոխենք մեր կառավարման համակարգը, կառավարությունը չդառնա միասնական` ուղղորդված միևնույն նպատակներով, ապա ոչ մի բան չի ստացվի»,-հավելեց նա:

Վերջինիս կարծիքով՝ Կարեն Կարապետյանը կարճ ժամանակում կկարողանա կարգավորել այս խնդիրները:

«Ինչ վերաբերվում է կոնկրետ ծրագրերին` Ազգային ժողովում լսում եմ, արդարացի և ոչ արդարացի քննադատություններ կան, բայց ես չեմ կարծում հնարավորություն ուներ Կարեն Կարապետյանը ներկայացնել որոշակի ծրագրեր, այդ որոշակի ծրագրերը պետք է ներկայացնեն համապատասխան նախարարությունները:  Եվ առաջին անգամն է, որ հնչում է 3 ամսվա ընթացքում ի՞նչ, 5 տարվա ընթացքում ի՞նչ»,- հավելեց նա:

Պաշտպանության նախկին նախարարը  գտնում է, որ դա շատ կարևոր է: «Հանրային խորհուրդը դրական է վերաբերվում  ներկայացված ծրագրին, քանի որ նա այդ ծրագիրն ուզում է իրականացնել, ոչ թե ինչ-որ մեկին տվել է իր փոխարեն ծրագիր գրեն»,-եզրափակեց Մանուկյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս