ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը հաշմանդամ է դարձել նախքան 63 տարին լրանալը, արդյո՞ք նա իրավունք ունի ստանալ իր կուտակային կենսաթոշակը:
Ելենա Մնացականյան (57 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Ե. Մնացականյանի հարցին՝ տեղեկացնում ենք, որ եթե անձն ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, ապա նա իրավունք ունի իր կուտակային միջոցները ստանալ միանվագ վճարի տեսքով, նախքան 63 տարին լրանալը: Իհարկե, վերը նշվածը չի նշանակում, որ անձը չի ունենալու պետական կենսաթոշակային բաշխողական բաղադրիչից հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք: Սահմանված կարգով հաշմանդամ ճանաչվելու դեպքում անձը պետական կենսաթոշակային բաղադրիչից կստանա իրեն նշանակված հաշմանդամության կենսաթոշակը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կնետրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալու ցանկություն ունենալու դեպքում պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալ ցանկացող մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին իր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաեւ մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ:
Կենսաթոշակային հաշվի հաշվեկշիռը կազմվում է պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելու օրվանից սկսած, մինչեւ մասնակիցների ռեեստրը վարողին դիմում ներկայացնելու օրը: Ի դեպ, գործատուն իր աշխատողներին լրացուցիչ կուտակային կենսաթոշակներ տրամադրելիս չի կարող ցուցաբերել խտրական մոտեցում: Կորպորատիվ կենսաթոշակներ կարող են առաջարկվել ամբողջ կոլեկտիվին կամ տվյալ գործատուի աշխատողների որոշակի կատեգորիային: Արգելվում է լրացուցիչ կուտակային կենսաթոշակներ տրամադրել բացառապես գործատուի ղեկավար կազմին: