Հայաստանում այդպես էլ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվում. եվրոպական մոդելի պետություն այսպե՞ս են դառնալու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ գիշեր հայտնի դարձավ, որ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը ձերբակալվել է 2 միլիոն դոլար կաշառք վերցնելու պահին: Ռուսական աղբյուրների տեղեկացմամբ՝ Ուլյուկաեւը ավելի քան 1 տարի գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում, եւ հայտնի է, որ կաշառքը կորզվել է սպառնալիքների միջոցով: Երեկ արդեն պաշտոնանկ արված Ուլյուկաեւի նկատմամբ սահմանվեց տնային կալանք: Հայաստանյան իրականությունում տարիներ առաջ եւս նմանօրինակ մի պատմություն եղավ: Ընդ որում, խոսքը դարձյալ 2 միլիոն դոլար կաշառքի մասին էր, որը եւս փորձ էր արվել ստանալ սպառնալիքների միջոցով: Եվ որ ամենահետաքրքիրն է՝ սկանդալային այդ պատմության առանցքում նույնպես նախարար էր՝ ՀՀ բնապահպանության այն ժամանակվա նախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Տարբերությունը միայն այն էր, որ նախարարի կողմից կաշառք պահանջելու մասին տեղեկատվությունը հայտնի դարձավ ոչ թե հայրենի իրավապահների իրականացրած գործողությունների արդյունքում, այլ այն ընկերության ղեկավարի ահազանգերի հետեւանքով, որից որ այդ գումարը պահանջվել էր: Իհարկե, հետագայում հայրենի իրավապահ համակարգը բարեհաջող կերպով «ջրեց» այդ գործը, ինչից հետո բանը հասավ միջազգային ատյաններ, որտեղ էլ այն անհասկանալի հանգուցալուծում ունեցավ: Համենայն դեպս, հանրությանն այդպես էլ թափանցիկ եւ սպառիչ կերպով չներկայացվեց, թե ինչու այդ պատմության հետ կապված որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Եթե առկա էր կաշառք վերցնելու կամ պահանջելու փաստ, ինչու չդատվեց նախկին նախարարը, իսկ եթե օտարերկրյա ընկերության սեփականատերը զրպարտում էր նախարարին, ինչու վերջինս պատասխանատվության չենթարկվեց:

Նույն ՌԴ-ում, որի կառավարման համակարգը մեզանում այսքան քննադատվում է, այնուհանդերձ եղել են «խոշոր ձկներին» բռնելու դեպքեր: Հիշենք թեկուզ ՌԴ նախկին ՊՆ նախարարին: Մինչդեռ Հայաստանում, որի ղեկավարը հայտարարում է եվրոպական մոդելի պետություն դառնալու հավակնությունների մասին, այդպես էլ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվում: Հիշեցնենք թեկուզ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ կապված հայտնի «օֆշորային» սկանդալը: Վերջիններս անգամ չեն հարցաքննվել այդ գործի շրջանակներում: Մինչ օրս հայտնի չէ, թե քրեական գործում ինչ կարգավիճակ ունի «օֆշորների» սիրահար մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Այս ցանկը, ցավոք, շատ երկար է, եւ քանի դեռ այն փոքրացնելու ուղղությամբ գործուն, տեսանելի քայլեր չեն արվել, իշխանության կողմից ամենակարեւոր նախաձեռնությունն անգամ կասկածի տակ է դրվելու: Եվ պետք չէ զարմանալ եւ մեղադրել հանրությանը, թե չեն ցանկանում ամսական 1000 դրամ վճարել բանակին: Մարդիկ պարզապես չեն ցանկանում վերստին «քցված» լինել եւ հույսը դատախազի փոխարեն դնել միայն Աստծո վրա:




Լրահոս