ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի հերթական նիստը, որը վարում էր նախարարի տեղակալ, միջգերատեսչական խմբի ղեկավար Գագիկ Թադևոսյանը:
Ներկա էին աշխատանքային խմբի անդամները, հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիա Հայաստան» ընկերության ներկայացուցիչները, կիբերանվտանգության ոլորտի այլ կազմակերպությունների ղեկավարներ:
Նիստի ընթացքում նախ ամփոփվեցին «ArmIGF 2016» ինտերնետ կառավարման համաժողովի արդյունքները, որից հետո ներկայացվեցին զեկույցներ «Վիրտուալ միջավայրերի և տվյալների մշակման կենտրոնների անվտանգությունը», «Ինչպես դիմակայել կիբերանվտանգության ոլորտի մարտահրավերներին» և այլ թեմաներով։
Ներկայացված թեմաների շուրջ տեղի ունեցան հանգամանալից քննարկումներ, եղան բազմաբնույթ առաջարկներ։
Նիստի ավարտին որոշում կայացվեց ստեղծել փորձագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կիբերանվտանգության ոլորտի միջազգային լավագույն փորձը և դրա արդյունքների հիման վրա «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբին կներկայացնի Հայաստանի Հանրապետությունում կիբերանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների փաթեթ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն