Աշոտ Աղաբաբյանի ընտանիքին պատկանող «21tv» հեռուստաընկերությունը փակվելո՞ւ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ֆինանսական դժվարությունների պատճառով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ընտանիքին պատկանող «21tv» հեռուստաընկերությունը շուտով փակվելու է: «Ժողովուրդ» օրաթերթը իր գործընկերներից հերթական բողոքները ստացավ այն մասին, որ այս տարեսկզբից ՀԸ-ում աշխատավարձ ստանալը դարձել է երջանիկ «միջադեպ»: Վերջին անգամ այստեղ աշխատավարձ են ստացել օգոստոսին: Պատճառաբանությունը մեկն է` բավարար գումար չկա:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բոլոր հարցերով զբաղվում են Աշոտ Աղաբաբյանի դուստրն ու փեսան: Երեք օր շարունակ փորձեցինք կապ հաստատել Նաիրա Աղաբաբյանի հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին: Մեր խնդրանքները՝ կապել մեզ տնօրինության ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ, կրկին անտեսվեցին: Տեղում չէին: Արդյոք պատճառը Ա. Աղաբաբյանի՝ հարազատ կուսակցության կողմից լքվելն էր, սնանկությունը, թե այլ՝ լրատվական դաշտում առկա գովազդային ու այլ ֆինանսական խնդիրները, դժվար է ասել: Բայց փաստն այն է, որ «21tv»-ի աշխատակիցները, որոնք ընտանիք են պահում, ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, բողոքողներին էլ զգուշացնում են ազատման դիմում գրել:




Լրահոս