Ագուտինի հետ, ի տարբերություն ավելի քիչ հայտնի աստղերի, հեշտ է աշխատել. երևանյան համերգի կազմակերպիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին ռուս փոփ երգիչ և երգահան Լեոնիդ Ագուտինը Երևանում հանդես կգա համերգով: Այն տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են Mezzo Production-ը և Prime Concert-ը:

Armlur.am-ը Prime Concert ընկերության տնօրեն Էդգար Հոկտանյանից հետաքրքրվեց` արդյոք անցկացվել են հարցումներ` պարզելու համար հայ հանրության որ շերտն է հետաքրքրված Ագուտինի երգարվեստով. «Արդեն երկու տարի է` պլանավորում էինք այս համերգը, ի վերջո որոշեցինք 2017-ին իրականացնել մեր ծրագիրը: 1990-ականներից Ագուտինը մեծ սեր է վայելում նաեւ հայ հանրության շրջանում: Ինչ վերաբերում է հարցումներին, ապա դրանք հիմնականում անցկացվել են օնլայն տարբերակով»,-մեկնաբանեց տնօրենը:

Նրա խոսքով` սա Ագուտինի առաջին համերգային այցը չէ Հայաստան. «1990-ականներին ևս նա համերգով հանդես է եկել մեզ մոտ: Իսկ սպասվելիք այցն արդեն հանդիպում է հայ հանդիսատեսի հետ` շուրջ 20 տարի անց»,-նկատեց մեր զրուցակիցը:

Երգչի համերգի տոմսերի գները տատանվում են 3000-50.000 դրամի սահմաններում. «Հիմնական մասսան սպառում է 3000-20.000 դրամ արժեցող տոմսերը: Դատելով տոմսերի վաճառքի ինտենսիվությունից` կարող եմ փաստել, որ Ագուտինի նկատմամբ հետաքրքրությունը, իսկապես, մեծ է»,-ասաց Է. Հոկտանյանը:

Մենք հարցրինք` կազմակերպիչները հնարավորություն ունեն արդյոք ապահովելու համերգը` համապատասխան տեխնիկական միջոցներով, թե դրանք Ագուտինն է բերելու, իսկ ընկերության տնօրենը պատասխանեց, որ տեխնիկան այստեղ է տրամադրվելու երգչին, նա ոչինչ իր հետ չի բերելու:

Համերգի ընթացքում հնչելու են շատ հին ու նոր երգեր: Ագուտինը ներկայանալու է իր «Էսպերանտո» խմբի հետ, որտեղ ներառված է 13 երաժիշտ:
Հետաքրքրվեցինք` հեշտ է անցնում արդյոք Ագուտինի հետ շփումը գործնական հարաբերությունների շրջանակում. «Այո, նրա հետ, ի տարբերություն ավելի քիչ հայտնի աստղերի, հեշտ է աշխատել»,-շեշտեց Է. Հոկտանյանը:

Նա նաև հավելեց, որ երգիչը տարբեր առիթներով առանձնակի սիրով և հարգանքով է արտահայտվում հայերի և Հայաստանի մասին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս