«Նուբարաշեն» ՔԿՀ-ից հիվանդանոց տեղափոխված կալանավորները եղել են կտրած-ծակած վերքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 3 ինքնավնասված կալանավորները եղել են կտրած-ծակած վերքերով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Ըստ նրա՝  ինքնավնասված կալանավորներից երկուսը կտրած- ծակած վերքեր են ունեցել պարանոցի, իսկ մեկը՝ ազդրի շրջանում. «Ծանր վերքեր չէին, առաջնային վիրաբուժական մշակում անելուց հետո նրանք գնացել են»:

Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել երեկ տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները հայտարարել էին, որ իրենց նկատմամբ բռնի ուժ է կիրառվել:

Պարզաբանման մեջ ասված է. «Հունվարի 21-ին www.a1plus.am էլեկտրոնային կայքում զետեղված «Դատապարտյալներն ահազանգում են, որ իրենց մահակներով ծեծել են» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկի աստիճանական ապաբնակեցման վերջին փուլի ընթացակարգի համաձայն` բնակեցված վերջին խցում պահվող կալանավորված անձինք այլ հարկաբաժիններ տեղափոխվելու ընթացքում չեն ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին և դիմել են ինքնավնասումների:

Ընդ որում՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները դիտարկել են վերոնշյալ խցերը և որևէ առարկությամբ հանդես չեն եկել` կապված պահման պայմանների հետ: Ինքնավնասում կատարած կալանավորված անձանց նկատմամբ բռնի ուժ կիրառելու վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. վերջիններիս բժշկական օգնություն ցուցաբերվել է նախ քրեակատարողական հիմնարկում, ապա` քաղաքացիական հիվանդանոցում»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս