ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակի հրապարակումից հետո հասկանալի դարձավ, որ ՀՀԿ թարմացված ցուցակում գերակշռում է հանրապետականների երիտթևը: Այս առումով, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը, որին շատերը շտապեցին «կաղ բադիկի» կարգավիճակ շնորհել, առայժմ փորձում է իր վերահսկողության տակ պահել ոչ միայն ՀՀԿ-ն, այլև ապագա խորհրդարանն առհասարակ:
Հովիկ Աբրահամյանի կլանի չեզոքացումից և որոշ ազդեցության խմբերի առժամանակ ինքնամեկուսացումից հետո, քաղաքական վերլուծաբանները կանխատեսում էին, որ ՀՀԿ համամասնական ցուցակում հիմնականում քվոտավորված տեղեր կունենան Սերժ Սարգսյանի ազդեցության ներքո գտնվող «երիտասարդական» թևի և, ՀՀԿ-ում բավականին մեծ ազդեցություն ձեռք բերած, վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները: Վերջինս, թեպետ ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, հանդիսանում է ՀՀԿ-ի «հին գվարդիայի» ողնաշարը ջարդելու նախաձեռնողը, այնուհանդերձ գերադասում է քաղաքական գործընթացներում առայժմ շատ չերևալ:
Այս առումով նրան նույնիսկ շատ ձեռնտու եղավ օրենսդրական խոչընդոտների պատճառով ՀՀԿ ցուցակը չընդգրկվելը և ավելին՝ այն չգլխավորելը: Այս պարագայում Կարեն Կարապետյանը անգամ նախընտրում է, որպեսզի իր թիմակիցներն էլ առանձնապես տեսանելի դիրքեր չզբաղեցնեն հանրապետականների հիերարխիայում:
Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հրապարակված առաջին տասնյակում վարչապետը նվազագույնը 3 ներկայացուցիչ ունի: Բայց մեծ հաշվով նա գերադասել է իր հետ անմիջականորեն ասոցիացվող հայտնի թիմակիցները շատ բարձր տեղեր չզբաղեցնեն ՀՀԿ ցուցակում:
Իսկ թե ինչ պատկեր կլինի հաջորդ տասնյակներում գիտեն, թերևս, միայն Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը եւ հայտնի կդառնա արդեն այսօր:
Արփինե Թովմասյան