«Սարոյան եղբայրները». Շիրակի մարզում պայքարելու են ազգուտակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտ է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում առավել թեժ պայքարը ծավալվելու է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածների միջեւ, ընդ որում, ոչ միայն տարբեր ուժերի, այլեւ հենց նույն կուսակցության թեկնածուների: Յուրաքանչյուրը փորձելու է առավելն անել կուսակցության համար եւ ապացուցել, որ հենց ինքն է այն ռեյտինգային թեկնածուն, որը պետք է լինի հաջորդ խորհրդարանում:

Այս առումով հատկապես հետաքրքիր պատկեր է Շիրակի մարզում: Այստեղ սպասվելիք պայքարին մասնակցող թեկնածուներից մի քանիսի դեպքում անգամ «Սարոյան եղբայրների» մոտիվներ են ի հայտ եկել:

Մասնավորապես՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային թեկնածուներից է «Հայավտոկայան» ՓԲԸ Մարալիկի մասնաճյուղի պետ Գալուստ Ուռուտյանը: Հետաքրքիրն այն է, որ Ուռուտյանը առաջադրվում է ոչ թե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով, այլ ՀՎԿ-ի:

Նշենք, որ Գալուստ Ուռուտյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակցի՝ Հարություն Ուռուտյանի որդին է: Վերջինս առավել ակտիվ էր 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Երբ բանտարկվում էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, Հարություն Ուռուտյանը դարձավ առաջին քաղբանտարկյալը: Ու հիմա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հարություն Ուռուտյանը չի առաջադրվել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով հենց որդու պատճառով: Ասել է, թե մի ընտանիքում տարբեր գաղափարների ձեռքը կրակն են ընկել:

Այս ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից է նաեւ ազատամարտիկ, ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Արի ու տես, որ Սաղաթելյանի դեպքում եւս ամեն ինչ հարթ չէ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ թեեւ Սաղաթելյանը առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքով, բայց նրա հարազատներից ոմանք սատարելու են ՀՀԿ-ին: Հարցի առնչությամբ փորձեցինք զրուցել Սաղաթելյանի հետ: Վերջինս, սակայն, նշեց. «Ես էլ չգիտեմ, Գյումրիում եմ, գնամ, ճշտեմ, տեսնեմ՝ ինչ է կատարվում: Ամեն ոք յուրովի է խելագարվում, հիմա այդպես է: Ես չեմ ճշտել, Ձեզ ինչպե՞ս պատասխանեմ: Մանրամասնություններ չգիտեմ, այնտեղ ինչ է կատարվում, հիմա այսօր սկսել եմ, կիմանամ դա: Ես երբեք կյանքում չեմ բռնանում ոչ ոքի կամքին»,-համենայն դեպս, հավաստիացրեց Սաղաթելյանը:

Ստացվում է՝ նախընտրական այս թոհուբոհը ոչ միայն թիմակիցների եւ մրցակից ուժերի անդամների, այլեւ հարազատների հարաբերություններում է լուրջ լարում մտցնում:

Վահագն Հակոբյան




Լրահոս