Հայաստանում ուղեւորափոխադրումները նվազել են: Հայտնի փաստ է, որ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում ուղեւորափոխադրումները 3.2 տոկոսով նվազել են:
Փոխարենը նույն ժամանակահատվածում 2.5 տոկոսով ավելացել են երկաթուղային տրանսպորտով փոխադրումները: Իսկ ահա օդային տրանսպորտով փոխադրումների ծավալները ավելացել են 25.5 տոկոսով: Նկատենք, որ օդային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների ավելացումը պայմանավորված է եղել սեզոնով: Այսինքն՝ հիմնականում ամռան ամիսներին հանգստի մեկնելու նպատակով քաղաքացիների զգալի մասը նախընտրում է օդային ճանապարհը: Սակայն սրան զուգահեռ՝ նկատենք, որ այս տարվա 9 ամիսներին նվազել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 4.1 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը:
Պաշտոնական տվյալներով` ամեն տարի Հայաստանից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա: Ուշագրավն այն է, որ ավտոմոբիլային փոխադրում իրականացնող տաքսիների ուղեւորներն են զգալի նվազել: ԱՎԾ տվյալներով՝ տաքսիներից օգտվող ուղեւորները նվազել են 13.8 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա 9 ամիսներին տաքսիներից օգտվել է 5 մլն 38 հազար 400 մարդ: Բայց էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալները, հակառակը, ավելացել են 1.7 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Պաշտոնական տվյալներով՝ մետրոյից այս տարվա հունվար-օգոստոսին օգտվել է 13 մլն 715 հազար 900 մարդ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան