Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Տարոն-1» թաղամասերում, «Տարոն-4» թաղամասի «Բելոռուսների» կոչված հատվածում ջրի քանակի ու ճնշման խնդիրների առջև բաժանորդները հաճախ էին կանգնում: «Լեռնապատի» ջրաղբուրներից սնվող այս թաղամասերը գտնվում են քաղաքի բարձրադիր գոտիներում: Մինչդեռ կախված եղանակային պայմաններից՝ ջրի արտադրությանն ծավալներն այս աղբյուրներում ունեն սեզոնային տատանումներ և ջրի պակասը հաճախ էր բաժանորդների դժգոհությունների առիթ դառնում: Մի խոսքով, ջրի խնդիրն այստեղ նախորդ տարիներից էր «ժառանգություն» մնացել: Ուրիշ է, որ այս տարի ամռանը, կապված աննախադեպ շոգերի հետ, այն իրեն սովորականից ավելի ցավագին կերպով զգացնել տվեց: Ու ստիպեց նոր Օպերատորին՝ Վեոլիա Ջրին խնդրի լուծման ուղիներ փնտրել:
Ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության մասնագետները «Լոռի» տեղամասի ինժեներական կազմի հետ խնդրի համատեղ ձեռնամուխ եղան դրանց փնտրտուքին: Ի սկզբանե պարզ էր, որ մատակարարվող ջրի քանակի ավելացում չի նախատեսվում: Հետեւաբար, խոսքը պետք է գնար թաղամասերի ներքին բաշխիչ ցանցի վերակառուցման, տեխնիկական միջոցների կիրառման ու ջրի մատակարարման համակարգի կառավարելիության բարձրացման մասին:
Շուրջ երկու ամիս տևած բազմաբնույթ, ավելի շատ ինժեներատեխնիկական, քան բուն շինարարական աշխատանքների արդյունքում «Տարոն» թաղամասը սնող թվով 7 բազմաբնակարան շենքի համար կառուցվեց ջրամբարը շրջանցող 110մմ տրամագծով շուրջ 430 գծամետր պոլիէթիլենային ջրագիծ, որը ճնշման կարգավորիչ փականով միացվեց «Լեռնապատի»՝ «Տարոն» թաղամասերը սնուցող ջրագծին: Նախկինում եթե ջրամբարը պիտի պարտադիր լի լիներ ջրով, որ հնարավոր դառնար ջուրը մղել այդ 7 շենքերի ուղղությամբ, այժմ դրա անհրաժեշտությունը չկա: Այս աշխատանքների արդյունքում ընկերությունն արդեն կարողանում է կարգավորել ջրի ճնշումը և վերոհիշյալ բարձրադիր գոտիների բազմաբնակարանների բաժանորդներին նոր ջրագծից ապահովել մշտական ջրամատակարարմամբ՝ անկախ եղանակային պայմաններից:
«Տարոն-4» թաղամասում ևս նման մեծածավալ շինաշխատանքներ կատարվեցին: Թաղամասի խնդրին լուծում տրվեց գրեթե նույն կերպ: Ջրամբարը լցնող խողովակից ուղիղ միացում կատարվեց թաղամասի ներքին ցանցի ջրագծին: Այստեղ ջրամատակարարման հարցը հիմնովին կարգավորվեց և ջրի քանակն արդեն բավարարում է բնակչության պահանջներին:
«Տավրոս» թաղամասի և կից՝ թվով 6 բազմաբնակարան շենքերի համար էլ ջրի պակասի խնդիրը մնաց անցյալում: Փոխվել են ճնշման կարգավորիչ փականները, ցանցը մասնակի դարձել է փակուղային, ինչը թույլ է տալիս ջուրը բավարար ճնշմամբ և քանակով մղել սպառողներին և ապահովել 24-ժամյա մատակարարում:
Իրականացված աշխատանքների շնորհիվ «Լոռի» տեղամասի մասնագետներն այժմ կարողանում են արագ և ճկուն արձագանքել խնդիրներին շնորհիվ կառուցված՝ ջրի քանակի և ճնշման կարգավորման այլընտրանքային համակարգի: Վեոլիա Ջրում համոզված են. ամռան դասերը լավ են սերտել: Մյուս տարի, անկախ եղանակային պայմաններից, Վանաձորի այս թաղամասերի շուրջ 740 բաժանորդի համար ջրի պակասի խնդիր այլևս չի լինի:
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն