Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիների ընթացքում ժողովրդի կենսամակարդակը ոչ միայն չի բարելավվել, այլ ընդհակառակը՝ աղքատության մակարդակը շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը:
Եթե հիշում եք՝ 2008թ. նախագահական ընտրություններին ներկայացրած նախընտրական ծրագրում Սերժ Սարգսյանը խոստացել էր ոչ միայն նվազեցնել, այլեւ վերացնել աղքատության մակարդակը: «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ,- խոստացել էր նա ու շարունակել,- մենք անելու ենք ամեն ինչը, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի հասարակ մարդու կյանքը, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ, որպեսզի մենք ապրենք ուժեղ ժողովրդավարական պետությունում եւ ունենանք արդար հասարակություն»:
Իսկ 2013թ. նախընտրական ծրագրում նա խոստացել էր. «Մենք վերանայել ենք մեր մոտեցումն աղքատության հաղթահարման խնդրի նկատմամբ. սոսկ նպաստներով եւ սոցվճարներով այս խնդիրը չի լուծվի, մենք պետք է վերացնենք աղքատությունը ծնող պատճառները: Յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը»: Հայաստանում աղքատության կրճատելու խոստումներ տվել էր նաեւ իշխող ՀՀԿ-ն՝ ԱԺ ընտրություններին ներկայացրած նախընտրական ծրագրերում: Բայց այս ընթացքում ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ ՀՀԿ-ի խոստումները մնացին օդում կախված: Ավելին՝ իրավիճակն այս տարիներին ավելի է սրվել, եւ հիմա պաշտոնապես աղքատ է համարվում ամեն տասը բնակչից երեքը:
2016թ. Հայաստանում աղքատությունը կազմել է 29.4 տոկոս: 2015թ. համեմատ այս ցուցանիշը բարելավվել է 0.4 տոկոսով, սակայն, ինչպես նշված է ԱՎԾ երեկ հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2017» զեկույցում, «2016թ.-ին, ինչպես եւ նախորդ յոթ տարիների ընթացքում, Հայաստանում աղքատության մակարդակը դեռ գերազանցել է 2008թ.-ի աղքատության մակարդակը 1.8 տոկոսային կետով (27.6%)»: 2008թ. համեմատ շարունակում է բարձր մնալ նաեւ ծայրահեղ աղքատության ցուցանիշը. 2016թ. այն կազմել է 1.8 տոկոս, մինչդեռ 2008թ. ծայրահեղ աղքատությունը 1.6 տոկոս էր: «2016թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 295 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 54 հազար մարդ»,- նշված է ԱՎԾ զեկույցում: Որպես աղքատության պատճառ ԱՎԾ-ն նշել է 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: «2008-2016թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարեւոր գործոնը 2009թ.-ի տնտեսության խոր անկումն էր»,- ասված է այնտեղ:
ԱՎԾ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում աղքատ է համարվում այն մարդը, որի ամսական սպառումը եղել է մինչեւ 40 հազար 867 դրամ (85.1 դոլար), իսկ ծայրահեղ աղքատների դեպքում՝ 23 հազար 313 դրամը (48.5 դոլար): Համաձայնեք, այս չափանիշները բավական մեղմ են, իրականում աղքատության վերին շեմը պետք է շատ ավելի բարձր լիներ, մոտավորապես՝ 45-50 հազար դրամ. ամսական նույնիսկ այդքան գումար ծախսելով՝ դժվար է գոյատեւելը. ի վերջո, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը մեկ շնչի հաշվով 43.9 հազար դրամ է, մեկ մեծահասակի հաշվով՝ 48.9 հազար դրամ: Բայց մեթոդաբանության փոփոխության դեպքում կպարզվեր, որ Հայաստանում աղքատ է բնակչության կեսից ավելին:
Նշենք նաեւ, որ արդեն տեւական ժամանակ է՝ ամենաաղքատը համարվում է Շիրակի մարզը՝ 45.5 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատ է 3,7 տոկոսը (հուսանք՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, որ մի առիթով այցելել էր Գյումրի եւ մարդկանց հարցրել՝ ինչո՞ւ եք դիլխոր, հասկացավ պատասխանը): Երկրորդ տեղում է Լոռու մարզը. այստեղ աղքատ է բնակչության 35,8 տոկոսը, ծայրահեղ աղքատ՝ 2,7 տոկոսը: Երրորդ տեղում Կոտայքի մարզն է. աղքատությունն այստեղ 35,4 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,3 տոկոս: Այնուհետեւ հաջորդում են Տավուշի մարզը. աղքատությունը 33,8 տոկոս է, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,9 տոկոս: Արմավիրում աղքատությունը 30 տոկոս է, ծայրահեղ աղքատությունը՝ 1,5 տոկոս: Գեղարքունիքում աղքատ է բնակչության 28,8 տոկոսը, որից 1 տոկոսը ծայրահեղ աղքատներն են: Արարատում աղքատությունը կազմել է 26,9 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ 1 տոկոս: Սյունիքում աղքատության ցուցանիշը 24,2 տոկոս է, ծայրահեղ աղքատների թիվը՝ 1,1 տոկոս, Վայոց ձորում 18,8 տոկոսն աղքատ է, որից 1,2 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ: Մարզերից ամենալավ վիճակում Արագածոտնի բնակիչներն են. այստեղ աղքատ է բնակչության 15,7 տոկոսը, որից ծայրահեղ աղքատ՝ 0,6 տոկոսը:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա այստեղ աղքատությունը 24,9 տոկոս է կազմում, որից 1,9 տոկոսը ծայրահեղ աղքատներն են:
Համաձայնեք, պատկերը ողբերգական է: Եւ այս ամենն իմանալու համար նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելու կարիք չկա: Բավական է լինել որեւէ մարզում, գյուղական բնակավայրերում, եւ կհամոզվեք. աղքատությունը շատ ավելի խորն է, քան երեւում է պաշտոնական տվյալներից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ