Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և հունվարի 5-ից սկսած մոնիթորինգ և դիտանցումներ է կատարել գերիշխող ապրանքային շուկաներում: ArmLur.am-ի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը նշեց, որ դիտարկումն իրականացվել է գերիշխող ապրանքային շուկաներում, օրինակ ալյուր, ձեթ, շաքարավազ, որտեղ նրա խոսքով, գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիտանցումները կատարվել են գերիշխող սուպերմարկետներում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարել նաև վառելիքի շուկայում, և արդեն իսկ ամփոփվել են արդյունքները: Հանձնաժողովից պարզաբանեցին, որ դիզելային վառելիքի ներմուծումը և իրացումն այսուհետ ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ինչը նախկինում չի եղել և այն ավելացրել է հարկային բեռը:
Ուսումնասիրելով նաև վառելիքի մյուս տեսակների շուկայում առկա իրավիճակը` ՏՄՊՊՀ-ից նշեցին, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: