ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ ԾԱՆՐ ԲԵՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը շարունակում է արտոնյալ կարգավիճակում մնալ: Ու հիմա շուրջ 2 մլն դրամ հեռախոսավճարի սկանդալը չավարտված` նրա անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում:

Պարզվում է` Հերմինե Նաղդալյանին սպասարկած 003օօ01 պետհամարանիշի «Տոյոտա քեմրի» մակնիշի մեքենան տարիներ շարունակ խախտել է երթեւեկության կանոնները, բայց այդպես էլ չի վճարել տուգանքները: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` վերջին երեք տարիներին Նաղդալյանի մեքենայի տուգանքներն իրենց տույժերով հանդերձ հասել են մի քանի միլիոն դրամի: Բայց ո՛չ վարորդը, ո՛չ էլ Նաղդալյանը չեն վճարել գումարները: Նրա վարորդը` Գրիգորն արդարացել է, թե երթեւեկության կանոնները խախտել է ստիպված, հանուն շեֆի` նրան րոպե առաջ ուզած վայրը հասցնելու համար, հետեւաբար կա՛մ ԱԺ-ն, կա՛մ Նաղդալյանն ինքը պետք է վճարի: Նաղդալյանն էլ պարզապես հրաժարվել է մուծել գումարները` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը: Հիմա չի բացառվում, որ Նաղդալյանը նաեւ այս գումարները թողնի պետբյուջեի վրա, առավել եւս, երբ մեքենան ԱԺ հաշվեկշռում է: Չնայած «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հավաստիացրեց, թե «մեքենաներով կատարված իրավախախտումների տուգանքները վճարում են իրավախախտում կատարողները»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Նաղդալյանն արտոնյալ կարգավիճակում է նաեւ այս խորհրդարանում, թեեւ նա այլեւս ԱԺ նախագահի տեղակալ չէ: Նաղդալյանը հիմա զբաղեցնում է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Եվ խորհրդարանի բոլոր ինը մշտական հանձնաժողովների փոխնախագահներից ՀՀԿ-ական տիկինը միակն է, ում աշխատասենյակում կա կառավարական հատուկ հեռախոսակապ: Մինչդեռ ԱԺ-ում կառավարական հատուկ հեռախոսակապից օգտվում են միայն խորհրդարանի նախագահը, փոխնախագահներն ու մշտական հանձնաժողովների նախագահները:Թե ինչո՞ւ է միայն Հերմինե Նաղդալյանն արժանացել նման պատվի, մեղմ ասած, անհասկանալի է: ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, սակայն, պնդեց, թե Նաղդալյանի՝ հատուկ կապ ունենալը պայմանավորված է աշխատանքային անհրաժեշտությամբ: «Բայց դա ներքին աշխատանքային հարց է, որը ենթակա չէ լայն մեկնաբանման»,- նշեց նա:
Միայն թե, մեր տեղեկություններով, այս հանգամանքից դժգոհ են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների մյուս փոխնախագահները, այդ թվում` ՀՀԿ-ականները:
Մեկ ուշագրավ փաստ էլ. Հերմինե Նաղդալյանն այսօր էլ շարունակում է օգտվել ԱԺ ծառայողական հեռախոսակապից, ասել է, թե նրա` ինչպես ՀՀ ներսում, այնպես էլ ռոումինգ զանգերի վարձավճարը շարունակում է մուծել ԱԺ-ն` պետական բյուջեի միջոցներով: Նշենք, որ ԱԺ 105 պատգամավորներից նման իրավունք ունեն միայն 19-ը` ԱԺ նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաեւ միջխորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները: Այն բանից հետո, երբ ամռանը խորհրդարանի նոր ղեկավարությունը (այն ժամանակ դեռ ներքին կարգով) բացահայտել էր Նաղդալյանի հեռախոսավճարի սկանդալային պատմությունը, ստիպված էր եղել էապես կրճատել եւ լիմիտավորել այդ ամենը: Ու հիմա, օրինակ, Հերմինե Նաղդալյանի համար երկրի ներսում խոսելու համար լիմիտ է սահմանված 25 հազար դրամի, իսկ ռոումինգի դեպքում` 50 հազար դրամի չափով: Բայց արի ու տես, որ չնայած այդ ամենին, նա շարունակում է շատախոսել` վճարելու ողջ բեռը թողնելով պետության վրա: Հիշում եք, երբ բացահայտվել էր Նաղդալյանի հայտնի սկանդալը, նա շտապել էր արդարանալ, թե հեռախոսն անսարք է եղել, 3G ինտերնետը չի անջատվել, եւ երեք օրում այդքան գումար է «գրել»: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ԱԺ-ից տրամադրած փաստաթղթերից հայտնի դարձավ, որ իրականում Նաղդալյանը բավական շատ է խոսել, ընդ որում՝ խոսել շարունակաբար:
Նրա հեռախոսավճարը միայն հունվար ամսին եղել է 1 մլն 33 հազար դրամ (ըստ Նաղդալյանի` այն ժամանակ միացված է մնացել 3G ինտերնետը): Փետրվարին նրա հեռախոսավճարը կազմել է 32,9 հազար դրամ: Բայց հետո արդեն ամիսներ շարունակ նրա հեռախոսավճարը վեցանիշ թվեր է կազմել: Մարտ ամսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունները ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել են ավելի քան 402,6 հազար դրամ կամ մոտ 1 հազար դոլար, ապրիլին` 121,4 հազար դրամ: Արդեն մայիսին Նաղդալյանի հեռախոսավճարը հասել է 684,9 հազար դրամի կամ մոտ 1 հազար 500 դոլարի, իսկ հունիսին` 913,6 հազար դրամի՝ մոտ 1 հազար 900 դոլարի: Ընդ որում, եթե հիշում եք` մայիս-հունիս ամիսներից նոր խորհրդարանն էր գործում, որն անդրանիկ նիստից հետո արձակուրդում էր (իսկ Նաղդալյանը շարքային պատգամավոր էր): Հուլիսին Նաղդալյանի հեռախոսավճարը կազմել է 95,2 հազար դրամ, օգոստոսին` 26,8 հազար դրամ, սեպտեմբերին` 46,8 հազար դրամ, բայց նա երկար չի դիմացել, եւ հոկտեմբերին, երբ արդեն բացահայտվել էր սկանդալը, խոսել է 109,2 հազար դրամի: Այնինչ, հիշեցնենք, նրա առավելագույն լիմիտը 75 հազար դրամ էր սահմանված: Համեմատության համար նաեւ նշենք, որ ԱԺ պատգամավորներից միայն Նաղդալյանի հեռախոսավճարներն են գերազանցել 150 հազար դրամը, մինչդեռ մյուս պատգամավորներից ոչ մեկն այդպես անխնա չի «օգտվել», իսկ իրականում՝ չարաշահել բյուջեի միջոցները:
Ի դեպ, այս ամենի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Հերմինե Նաղդալյանին, սակայն նա համառորեն չէր պատասխանում հեռախոսազանգերին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԲԱՑԱԿԱ ԷՐ ՈՒ ԿՈՂՄ
Խորհրդարանում պետական պարտքի մասին օրենքի երեկվա քվեարկության պատկերն ուշագրավ էր: Կողմ էին կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ էին «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները, որոնք քննակումների ժամանակ անխնա քննադատել էին նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ «Ծառուկյան» խմբակցությունից, այնուամենայնիվ, կար կողմ քվեարկած մեկ պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը, որն էլ նիստին ներկա չէր: Թե ո՞վ եւ ինչո՞ւ էր սեղմել Մանուկյանի կոճակը, այն էլ՝ խմբակցության դիրքորոշմանը հակառակ, դժվար է միանշանակ ասել: ԱԺ նիստերի դահլիճում նրա կողքին նստում են Տիգրան Ստեփանյանն ու Մերուժան Սիմոնյանը: Քվեարկության տասը վայրկյանների ընթացքում Տ. Ստեփանյանը սկզբում կողմ կոճակն էր սեղմել, բայց արագ փոխել էր որոշումը՝ սեղմելով դեմ: Իսկ ահա Մելիք Մանուկյանի «քվեարկությունը» չէր շտկվել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ Մելիք Մանուկյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր:

 

 

 

ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ ԵՆ
Կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում, որով հնարավորություն կընձեռվի միջին որակավորում ունեցող ուսուցիչներին, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ եւ սովորողների հետ կրթական եւ դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2028 թվականի օգոստոսի 20-ը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայիս օրենքով այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում ուսուցչի որակավորմանը հասանելիք պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը, նաեւ մինչ այդ ստանալ բարձրագույն կրթություն համապատասխան որակավորմամբ՝ ապահովելով օրենքով սահմանված պահանջը:

 

 

 

ԱՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է արդարացումներ ներկայացնել՝ հիմնավորելու, թե իրենք աշխատել են սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ սպանություն կատարելու մեջ մեղադրվող եւ վերջերս Վրաստանում հայտնաբերված անձանց՝ Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին Հայաստան տեղափոխելու հարցում: Մասնավորապես անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի` նախօրեի հրապարակմանը, թե իրավապահները չեն կարողանում մեղադրյալներին ՀՀ տեղափոխել, քանի որ նրանք սերտ կապերի մեջ են այդ երկրի քաղաքական իշխանություների հետ, դատախազությունը հայտնել էր, թե «տեղեկատվությունն ամբողջությամբ մտացածին է»: Նաեւ դատախազությունը հավաստիացրել էր, թե էքստրադիցիոն ընթացակարգերը լիարժեքորեն պահպանվում են: Գործընթացը թույլատրելի եւ նախատեսված ժամկետների սահմաններում է: Միայն թե, նկատենք, փաստը մնում է փաստ՝ ՀՀ տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողները Վրաստանում հայտնաբերվել եւ ձերբակալվել են մոտ մեկ ու կես ամիս անց, սակայն նրանց մինչեւ հիմա չեն տեղափոխել ՀՀ:

 

 

 

«ՆԱՏՕ-Ի ՇԱԲԱԹ»
Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Այս կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը մասնավորապես նշել է, որ կարեւոր է, որ շաբաթը լինի ոչ թե զուտ փորձագետների միջեւ տեղեկատվության փոխանակում, այլեւ ներգրավի հանրությանը: «Ես այստեղ եմ, քանի որ 2015թ. Գերմանիայի դեսպանատունը ստանձնեց ՆԱՏՕ-ի կոնտակտային կենտրոնի կարգավիճակը: Թեպետ այս տարվա շաբաթն ավելի կարճ է, քան նախորդները, սակայն այն բավականին հագեցած է հետաքրքիր միջոցառումներով»,-նշել է նա: Ըստ դեսպանի` միջոցառումների շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովում «Խորհրդարանական ակնարկ զինված ուժերի վերաբերյալ» խորագրով սեմինարի անցկացում: «Մենք հրավիրել ենք Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձր պաշտոնյային` մասնակցելու տվյալ միջոցառմանը»,-ասել է նա:

 

 

 

ՃԱՆԱՉԵԼ Է ԱՐՑԱԽԸ
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ներառել է Արցախի ճանաչումը իր քաղաքական պլատֆորմի ծրագրում: Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կոչ է անում կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ ամրապնդել Ավստրալիայի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա ժողովրդի հարաբերությունները: Ավստրալիայի հայերը շնորհակալություն են հայտնել կուսակցությանը եւ պատգամավորության թեկնածու Ջյուսթեն Ալիկին Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչման համար:
 

ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ
Դեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք ստացած շարքային Արթուր Գարիկի Դանիելյանի վիճակը միջին է, դրական միտումներով: Նա ներկայումս գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:




Լրահոս