Լուսանկարն արվել է Վանաձորում
Ինչ-որ մեկի համբերության բաժակն այնքան է լցվել, որ նա որոշել է նման կոպիտ գրությամբ կանխել աղբի թափոնների կույտը։ Գուցե այս գրությունը ծառայի իր նպատակին, բայց ցավալի է, որ կան քաղաքացիներ, որոնք նման անտարբեր վերաբերմունք ունեն հասարակության նկատմամբ, եւ աղբը թափում են` որտեղ պատահի։
ՀԱՐՑ. Եթե անձի սոցփաթեթի հաշվում գումար կա, ապա հնարավո՞ր է այդ գումարը կանխիկացնել: Եթե այո, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս, ո՞ր դեպքում:
Միլենա Դանիելյան (49 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Հնարավոր է այն կանխիկացնել նաեւ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե երեխան Հայաստան է վերադառնում, ապա ինչպե՞ս է որոշվում նրա ուսուցման հարցը, ո՞ր դասարանում պետք է նա սովորի: Եվ ցանկանում եմ իմանալ, թե սովորաբար ի՞նչ լեզվով են սովորում ՀՀ երկքաղաքացիների երեխաները:
Սիմա Հայրապետյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հաստատել է Հայաստանի եւ այլ պետությունների հանրակրթական համակարգերի համարժեքության աստիճանները, համաձայն որի` որոշվում է Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի երեխայի դասարանի հետշարժը: Բնակության վայրի մարզպետարանի կրթության բաժինը կրթական համարժեքության աստիճանի որոշումից հետո ցուցում է տալիս դպրոցի տնօրինությանը, որպեսզի ստուգեն երեխայի գիտելիքների մակարդակը եւ որոշեն, թե նա որերորդ դասարան պետք է հաճախի: Ռուսաստանից վերադարձած դպրոցահասակ երեխաների համար դասարանի իջեցումը կատարվում է, որպես կանոն, մեկ տարով: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսման լեզուն հայերենն է, սակայն ՀՀ երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզվով, որն ընտրել են նրանց ծնողները:
Նույնը վերաբերում է նաեւ այլ պետության քաղաքացիներին, ՀՀ քաղաքացիություն չունեցողների երեխաներին, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրացի:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ վերջին տարիների ընթացքում նվազել եւ շարունակում է նվազել ոչ միայն դպրոցների, այլ նաեւ աշակերտների թիվը: 2016/2017 ուսումնական տարում դպրոցներում սովորել է 364 868 աշակերտ, մինչեռ 10 տարի առաջ` 2007/2008 ուստարում սովորել է ավելի քան 66 հազարով շատ` 431 280 աշակերտ: Ի դեպ, եթե 2011/2012 ուստարում դպրոցներից արտերկիր մեկնելու նպատակով դուրս է եկել 5.081 աշակերտ, ապա 2016-2017-ին նրանց թիվը կազմել է 7.117: Ցավոք, այս թիվը 2013/2014-ից ի վեր աճում է: