ՀՈՐՄՈՆԱՑՎԱԾ ՀԱՎԵՐԻՑ` ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին շուկայում ներմուծվող թռչնամիսը, որպես կանոն, ավելի էժան է, քան տեղական արտադրության։ Իսկ մեր հայրենակիցների մեծ մասը հավի միս գնելիս առաջին հերթին ուշադրություն է դարձնում գնին եւ հետո նոր որակին։ Մասնագետներն, իհարկե, ահազանգում են` այսօր դժվար է գտնել առանց հորմոնային հավելումների սննդատեսակ: Հորմոններն այսօր այնպես են ներխուժել մեր կյանք, որ դժվար է պատկերացնել որեւէ սննդատեսակ առանց հորմոնային հավելումների: Հորմոնացված է ե՛ւ հավի, ե՛ւ տավարի, ե՛ւ ձկան միսը:

Օրերս «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ներկրված սառեցված հավի 9 արտադրատեսակ, որոնցից 5-ում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ եւ հակաբիոտիկներ, ի դեպ, դրանց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է, իսկ կիրառումը` թույլատրվում միայն բժշկի դեղատոմսով։ Եւ սա այն դեպքում, երբ գործադիր մարմնի ղեկավարը իր կողմից նշանակված սննդամթերքի անվտանգության պետ Իշխան Կարապետյանին հորդորել էր ստուգել հանրությանը մատուցվող սննդի որակը: Մյուս կողմից, նկատենք, որ ստեղծված այս իրավիճակի պատասխանատուն ինչ-որ չափով նաեւ առողջապահության նախարարությունն է, եւ այս կառույցն իր «հեղինակավոր» խոսքը պետք է ասեր կատարվածի մասին: Մինչդեռ այս կառույցը լռում է:
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե երկրում սննդի որակի, սննդի արտադրության տեխնոլոգիական ողջ պրոցեսի հիգիենիկ, նորմատիվ խնդիրների լուծման վերաբերյալ վերահսկելիությունը ապահովելու խնդիր կա:
«Կառավարման խնդիրն առաջացել է հենց 2004-2005 թվականներին` առաջին կոալիցիոն կառավարության ժամանակ, երբ գյուղատնտեսության եւ առողջապահության սննդի վերահսկման ֆունկցիաները տարանջատվեցին: Կառավարությունը բավականին լուրջ սխալ արեց, երբ շատ հանգիստ առողջապահությունից սննդի հիգիենայի խնդիրները վերցրեց եւ տարավ գյուղատնտեսության նախարարության համակարգ: Այսինքն` մարդու առողջությունը եւ սննդի անվտանգության խնդիրները միմյանցից կտրեց: Իսկ առողջապահության նախարարությունը պարբերաբար սկսեց հետ քաշվել խնդրից: Անգամ չենք կարողանում որոշել` այս կամ այն սննդամթերքում հայտնաբերված վնասակար նյութերը վերջապես սպառողի վրա ինչ հետեւանքներ կարող են թողնել: Մենք գրականության տվյալներով կարողանում ենք անուղղակիորեն խոսել, թե հայտնաբերված նիտրատները, ֆոսֆատները վնասակար ինչ ազդեցություն կարող են թողնել մարդու օրգանիզմի վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Ա. Մկրտչյանը:
Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համոզված նշեց նաեւ, որ սննդի անվտանգության ոլորտում կա մասնագիտական ներուժի խնդիր, մասնավորապես սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը (խոսքը Իշխան Կարապետյանի մասին է-Ս.Հ.) սննդի արդյունաբերության ոլորտից է: Իսկ ըստ Մկրտչյանի` այդ ոլորտի մարդը մասնագիտական գիտելիքներով օժտված չի կարող լինել. «Տեխնոլոգիական գործընթացի որոշակի տեղեկություններին տիրապետելը կամ երշիկ արտադրելու բիզնեսին ծանոթ լինելը, կարճ ասած, նախկին բիզնեսմենը չի կարող վերահսկման ծառայություն իրականացնել: Չի կարելի նման բան անել, հետո ինչ, որ իրար հետ մտերիմ են, ախպեր կամ ընկեր են: Ավելին` իր նշանակումից հետո շատ մասնագետներ սննդի տեսչությունը թողեցին ու հեռացան»:
Իսկ ինչ վտանգ կարող է առաջացնել մարդու առողջությանը, երբ սպառողն օգտագործի հակաբիոտիկ, սալմոնելա կամ ՄԱՖԱՄ պարունակող հավ: Չէ՞ որ այսօր թռչնամիսը Հայաստանում համարվում է լայն սպառման մսամթերք: Այս հարցին ի պատասխան` Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թվարկեց. «Հայտնաբերված մանրէների տեսանկյունից կարող է սուր աղիքային հիվանդությունների բռնկման դեպքեր ունենանք, եթե նաեւ պահպանման խնդիրները մի փոքր խախտվեն, նամանավանդ տոնական օրերին: Բացի այս` մի շարք մետաղների առկայությունը մսի մեջ առողջությանը հեռահար ազդեցություն կարող է թողնել: Այսինքն` ունենք կայծակնային ազդեցություն, դա սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդությունն է թունավորումների տեսքով, եւ հեռահար, որոնք օրգանիզմում կարող են ժամանակի ընթացքում աստիճանաբար անդառնալի փոփոխութուններ առաջացնել»:
Մեր զրուցակցի խոսքերով` մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ հիմնականում հորմոնալ ներարկումներ ավելացնելով թռչնամսի, մսամթերքի մեջ` որոշակի մետաղներ կարող են ներզատական, այսինքն` էնդոկրին համակարգի փոփոխություններ առաջացնել մարդկանց մոտ: «Դրանք իրենց հերթին, բնականաբար, սրտանոթային համակարգի վրա կարող են ազդեցություն թողնել: Այսինքն` ցանկացած հիվանդություն, ախտահարում ունի բազմապատճառ ազդակներ: Իսկ պատճառներից մեկն էլ սնունդն է: Հակաբիոտիկները արդեն հավի մսի մեջ որոշակի փոփոխություններ են ունենում. տարրալուծման պրոցես է գնում մսամթերքի մեջ, գոնե մնար հակաբիոտիկի տեսքով, հակառակ դեպքում ավելի վատ պրոդուկտ է առաջանում: Այսինքն` հակաբիոտիկը լաբորատոր հետազոտությամբ անջատվում է, բայց այն մնալով մսամթերքի մեջ եւ մի փոքր ջերմային պայմանների փոփոխության դեպքում` մսամթերքում գոյություն ունեցող ֆերմենտների հետ մտնում է քիմիական ռեակցիաների մեջ: Մի խոսքով, այստեղ քիմիական պրոցեսների հետ գործ ունենք»,- ներկայացրեց առողջապահության նախկին նախարարը:
Այնուամենայնիվ, առաջնային եւ գլխավոր հարցը Հայաստանի քաղաքացու անվտանգությունն է. այսինքն` հակաբիոտիկներով, սալմոնելա խմբի մանրէներով թռչնամիսը վտանգե՞լ է մարդու առողջությունը, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՊՆ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարությանը կարագի փոխարեն մարգարին վաճառելու քրեական գործի շուրջ քննարկումները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հոկտեմբերի վերջին գրել էր, որ ՊՆ-ն պայմանագիրը միակողմանի լուծել է «ԽԱՔ» եւ «Տիսա» ընկերությունների հետ, քանի որ զինվորական հոսպիտալին մատակարարվել է մանրէաբանական եւ ֆիզիկաքիմիական ցուցանիշներին չհամապատասխանող կաթնաշոռ ու թթվասեր: Ապա օրեր անց պարզ դարձավ, որ ՊՆ-ին կարագի փոխարեն մատակարարվել է մարգարին, այս անգամ արդեն «Էլայզեռ» եւ «ՍՊ» ընկերությունների կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «ՍՊ» ընկերությունը անցած տարվա հոկտեմբերի 14-ից հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Պատճառն այն է, որ խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծարմանը: Այս ընկերությունը ֆինանսների նախարարության «սեւ ցուցակից» դուրս է եկել հոկտեմբերի 14-ին: Բացի այս` «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՊՆ-ն դեկտեմբերի 20-ին դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ մյուս` «Էլայզեռ» ընկերությանը սեւ ցուցակ ներառելու պահանջով:
Ի դեպ, մամուլում լուրեր շրջանառվեցին, որ այս ընկերություններից «ՍՊ»-ն կապ ունի սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ: Ըստ այդ տեղեկությունների` ՍԱՊԾ նշված պաշտոնյայի ճնշման ազդեցության տակ են աշխատակիցները փորձաքննության վերջնական արդյունքներում կեղծիք կատարել եւ ներկրված մարգարինը կարագի տեղ ներկայացրել:
Նշենք, որ ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրգործով 2 աշխատակից է անցնում։ Այդ թվում նաեւ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ցողիկ Գզիրյանը: Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել եւ գործի քննության ժամանակ խոստովանել, որ սխալ փորձաքննություն են արել: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել Եղիշե Մարգարյանի հետ. ՍԱՊԾ լրատվական ծառայությունը ամեն կերպ թաքցրեց նրան՝ պնդելով, որ 39-ամյա Մարգարյանը կապ չունի այդ ընկերության հետ:
Մինչդեռ նրա պաշտոնական հայտարարագրում նշված է, որ երկու ընկերությունում ունի 55 հազար դրամի չափով բաժնեմաս: Ի դեպ, «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ում ժամանակին խորհրդական աշխատած Մարգարյանը ունի երկու բնակարան, մեկ հողամաս, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, «Volkswagen Golf 2.01» մակնիշի մեկ ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 74 մլն դրամ եւ 270 հազար դոլար: Իսկ դրամական միջոցները կազմել են 23 մլն դրամ, 33 հազար դոլար, 6500 եվրո եւ 50 հազար ռուսական ռուբլի: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը` 3 մլն 762 հազար դրամ:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս