Լուսանկարն արվել է Պռոշյան փողոցում
Այս հատվածը Սերժ Սարգսյանի տուն տանող ճանապարհն է: Այն փշալարերով փակված է ու լի զինտեխնիկայով: Փաստորեն Սերժ Սարգսյանի տուն հասնելը մեծ արարողակարգ է. փողոցից պետք է հեռացնեն ավելորդ «գույքը», որպեսզի նրա ավտոշարասյունը կարողանա անցնել:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` աշխատողի նպատակային սոցիալական վճարը ո՞վ է հաշվարկում: Ընդհանրապես ինչպե՞ս է աշխատողին այն փոխանցվում:
Լիլիթ Հունանյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ վարձու աշխատողի նպատակային սոցիալական վճարը հաշվարկում եւ փոխանցում է գործատուն` որպես հարկային գործակալ, յուրաքանչյուր ամիս հարկային մարմին ներկայացնելով անձնավորված հաշվետվություն աշխատողին վճարված եկամուտների եւ կատարված նպատակային սոցիալական վճարի վերաբերյալ: Անհատ ձեռնարկատերը, նոտարը, ինքնազբաղված անձը եւ աշխատողը, որի գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ինքնուրույն են հաշվարկելու եւ Հայաստանի Հանրապետության պետական գանձապետարան փոխանցելու նպատակային սոցիալական վճարները:
Նպատակային սոցիալական վճարը օրենքով սահմանված կարգով եւ չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող նպատակային վճար է:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից, ապա սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը գերազանցող գումարներից գործատուի (հարկային գործակալի) կողմից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերադարձվում են անձին:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ովքե՞ր իրավունք ունեն օգտվելու ուսման վարձի զեղչից: Ո՞ւմ է տրվում նման արտոնություն:
Հերմինե Գրիգորյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին` հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին. 2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին. 3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին. 4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին. 5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին. 6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին. 7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին. 8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների: Ի դեպ, օտարերկրացիները, իրենց ընտրությամբ, ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: