ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Անգամ ամենաէքստրեմալ, լարված իրավիճակում աղջիկները պահը բաց չեն թողնում` շպարվելու եւ իրենց արտաքինին հետեւելու համար:

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ 1-ին կարգի հաշմանդամություն, մինչ այս ստացել եմ հաշմանդամության համար ինձ հասանելիք իմ թոշակը: Լրացել է կենսաթոշակի անցնելու իմ տարիքը: Ուզում եմ իմանալ` իմ հաշմանդամության թոշակին ինչքա՞ն գումար պետք է ավելանա: Ինձ տեղեկացրել են, որ ինչքան ստացել եմ, շարունակելու եմ նույնքան ստանալ: Բացատրեք ինչո՞ւ: Վստահ եմ, որ պետք է ավել գումար ստանամ:

Վարուժան Հակոբյան (1-ին կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային, այդ թվում` հաշմանդամության կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է: ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի թիվ 1491-Ն որոշմամբ 2015թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 16.000 դրամ: Աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքն առաջին 10 տարվա համար սահմանվել է 800 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 500 դրամ:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) 1-ին խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, 2) 2-րդ խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
Հայտնում եմ, որ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության համաձայն` քաղաքացուն 1978թ. 5 տարի 1 ամիս 21 օրվա աշխատանքային ստաժով նշանակվել եւ վճարվում է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ` 1-ին խմբով` 24.400 դրամ:
Ելնելով վերոգրյալից` 63 տարին լրանալու կապակցությամբ Վ. Հակոբյանի կենսաթոշակի չափը փոխելու իրավական հիմքեր չկան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դե, իհարկե, այս նախարարությունում քաղաքացիներին` հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց, որեւէ կերպ աջակցելու եւ օգնելու իրավական հիմքեր գրեթե չեն լինում: Նրանք միայն օրենքներ են մեջբերում, իսկ թե դրանք որքան օգտակար են շարքային քաղաքացուն, անհայտ է:

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ մեքենայիս պետհամարանիշերը 6 ամսով հանձնել ճանապարհային ոստիկանությանը: Այսինքն` ես իմ մեքենան օգտագործում եմ ընդամենը 6 ամիս` կես տարի: Խնդրում եմ ասեք` այս դեպքում գույքահարկի վճար ես ամբողջ տարվա համար պետք է վճարե՞մ, թե՞ ընդամենը 6 ամսվա: Ինչո՞ւ պետք է գույքահարկը վճարեմ մեկ ամբողջ տարվա համար, եթե ես ավտոմեքենան շահագործում եմ կես տարի:

Զավեն Հովհաննիսյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով պատկանող հարկվող, օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն 8-րդ հոդվածի 1-ին կետի` գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից եւ գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ փոխադրամիջոցը հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմք չի հանդիսանում գույքահարկը չհաշվարկելու եւ գույքահարկի հաշվարկման դադարեցման համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հասկանալի է «Գույքահարակի մասին» ՀՀ օրենքի մեջբերումները, միայն թե անհասկանալի է դրանց ընդունման տրամաբանությունը. ստացվում է` մարդն ուզի-չուզի մի ամբողջ տարվա համար պարտավոր է վճարել գույքահարկի լրիվ գումարը` անկախ նրանից` մեքենան կշահագործվի մեկ օր, թե մեկ տարի: Իսկապես Երեւանի քաղաքապետարանն այսպես մարդկանց անհարմար դրության մեջ է դնում` հարստահարելով:




Լրահոս