Վանաձոր համայնքի բյուջեի մուտքերը հետզհետե նվազում են: Պատճառները բազմաթիվ են. առաջինը բնակիչների ծանր սոցիալական վիճակն է: Առավել վատ ցուցանիշեր են գրանցվել ֆիզիկական անձանց գույքահարկի եւ հողահարկի, ինչպես նաեւ վերջին օրենսդրական փոփոխություններից հետո փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրումից: Մեծ թվով վանաձորցիներ, որոնք իրենց մեքենաներն ապահովագրելու հնարավորություն չունեին, ստիպված եղան դրանք հաշվառումից հանել: Վանաձորի քաղաքապետարանի` գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ զգուշացրեց. «Այդ քաղաքացիները թյուրիմացաբար կարծում են, որ մեքենան հաշվառումից հանելով` իրենք գույքահարկից եւս ազատվում են: Մինչդեռ դա այդպես չէ: Նախորդ տարվա պարտքերը մնում են, դրանց վրա էլ, հարկերի մասին օրենքի համաձայն, յուրաքանչյուր օր 0,15 տույժ է ավելանում»:Խնդիրներ կան նաեւ որոշ խոշոր հարկատուների հետ, որոնց լուծման նպատակով Վանաձորի քաղաքապետարանն արդեն կտրուկ քայլերի է դիմելու: Պարոն Դարբինյանը կես կատակ նշում է, որ նման տնտեսվարողների նկատմամբ ցուցաբերած համբերության լիմիտն արդեն սպառվել է: «Բազմիցս գրավոր եւ բանավոր տեղեկացրել ենք, նոր ժամկետներ ենք տվել»,-ասում է բաժնի պետն ու ավելացնում. «Արդեն դիմելու ենք դատական կարգով գումարները բռնագանձելու միջոցին»:Տեղական տուրքերի հավաքագրումն էլ իր խնդիրն ունի. «Օրենքով սահմանված 220.000դր. տեղական տուրքը բենզալցակայանների եւ գազալցակայանների տերերից շատերը չեն մուծել, ուստի համապատասխան թույլտվությունն էլ չեն ստացել: Հիմա նրանք զբաղված են ապօրինի վաճառքով»,-ասում է քաղաքապետարանի պաշտոնյան` նշելով, որ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու նպատակով արդեն կազմվում են համապատասխան արձանագրություններ: Նշենք, որ գույքահարկի պարտքեր ունեցողների թիվը Վանաձորում հասնում է մի քանի հազարի: Ըստ գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետի` հիմնական պատճառները երկուսն են. «Սեփականատերերի մի մասը հանրապետությունից բացակայում է: Բնակարաններն այստեղ են, իրենք` այնտեղ: Հարազատների միջոցով կապ ենք հաստատում, տեղեկացնում ենք, որպեսզի կատարեն հարկային պարտավորությունները, սակայն պրոցեսը դանդաղ է ընթանում: Որոշ սեփականատերեր էլ արտերկրում արդեն մահացել են, եւ այստեղ գույքի իրավահաջորդի ձեւակերպման խնդիր կա, որպեսզի իմանանք` ումից ենք հարկ պահանջելու»: Հարկերի հավաքագրման ներկա ցուցանիշերը նախորդ տարվա հետ համեմատելը Դարբինյանը ճիշտ չի համարում: Թեեւ հարկատուների թիվը հետզհետե ավելանում է, սակայն հարկային բազան պակասում է: Մի խոսքով, եղած խնդիրները քիչ էին, նոր օրենքներն էլ նոր խնդիրներ ավելացրին առանց այն էլ դժվար ապրող վանաձորցիների ուսերին:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ Վանաձոր
ՆՈՐ ՀԱՐԿԵՐ` ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ