Հանրապետական կուսակցության անդամներն ընկել են իրենց իսկ փորած փոսը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` երբ պատգամավորը հայտարարում է խմբակցությունից դուրս գալու մասին, պարտավորված չէ վայր դնել մանդատը: Հատկանշական է փաստը, որ օրենքում այս դրույթն ամրագրելու պաշտպանները ՀՀԿ-ականներն էին, եւ հիմա հենց այդ խմբակցությո՞ւնն է սկսել քանդվել:
Երբ պատգամավորները հայտարարում են Հանրապետական խմբակցությունից հեռանալու մասին, նախկին օրենքն ամենալավն օգնության կհասներ նրանց: Բանն այն է, որ նախորդ կանոնակարգ-օրենքի համաձայն` միայն կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք համարները կարող են խմբակցությունը լքելուց հետո համարվել անկախ պատգամավոր, իսկ համամասնական ցուցակով ընտրված պատգամավորները, եթե հայտարարեին խմբակցությունը լքելու մասին, պարտավոր էին վայր դնել մանդատը:
Եվ այս կանոնակարգման լավագույն օրինակը նախորդ խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցությունն էր, որի ցուցակով պատգամավոր էին դարձել նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները: Մասնավորապես՝ քանի որ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը միասնական համամասնական ցուցակի 2-րդ տեղում էր, նա խմբակցությունում իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունից հետո համարվեց անկախ պատգամավոր, իսկ նրա հետ նույն հայտարությունն արած Ալեքսանդր Արզումանյանը դե յուրե «Ժառանգություն» խմբակցության անդամ էր մնացել: Եվ մինչ խորհրդարանի գործունեության ավարտը Ազգային ժողովի պաշտոնական կայքում` խմբակցությունների բաժնում, Ալեքսանդր Արզումանյանի անունը ներառված էր որպես «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր՝ ի տարբերություն Քոքոբելյանի:
Նոր կանոնակարգ-օրենքում անկախ պատգամավոր հասկացությունը վերացվել է, միեւնույն ժամանակ օրենսդիրները հնարավորություն ունեն լքել այն կուսակցությունը կամ դաշինքը, որով մուտք են գործել Ազգային ժողով՝ միաժամանակ պահպանելով իրենց մանդատը: Բանն այն է, որ պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմքերը ամրագրված են Սահմանադրության մեջ: Դրանք են՝ քաղաքացիություն կորցնել, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այլն, հենց այդ պատճառով էլ նոր կանոնակարգում չէր կարող սահմանվել, որ եթե խմբակցությունից պատգամավորը դուրս է գալիս, ապա պետք է մանդատը վայր դնի: Սակայն պատգամավորը, ով դուրս է գալիս ֆրակցիայից, դառնում է միայնակ. հենց սա է նոր օրենքի նորամուծությունը. պատգամավորը ոչ թե անկախ է, այլ` միայնակ: Ըստ այդմ` նոր կանոնակարգ օրենքով այն պատգամավորը, որը խմբակցության դիրքորոշմանը հակառակ է գնում, դուրս է գալիս ֆրակցիայից, «կիսատ-պատգամավոր» է լինելու, չի կարողանալու հանձնաժողովներում ներգրավվել կամ բարեկամական խմբերում ընդգրկվել:
Սա է թերեւս այն մեխանիզմը, որով «կպատժվեն» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները: Սակայն այս օրերին ՀՀԿ-ական պատգամավորները կուլիսային զրույցներում ափսոսում են, որ ժամանակին դեմ էին արտահայտվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկին: ՀՀԿ-ականների հաշվարկը պարզ էր. նրանք չէին մտածում, որ մի օր էլ իրենք են կանգնելու նման խնդրի առաջ: Ընդհակառակը, իրենց մարդկանց ներդնելով տարբեր խմբակցություններում` միշտ պատեհ պահի «պայթեցրել են ականները», խմբակցություններից դուրս են բերել իրենց մարդկանց` այդպես պատժելով ընդդիմադիրներին:
Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականին, երբ ընթանում էին նոր կանոնակարգի շուրջ քննարկումները, Նաիրա Զոհրաբյանն առաջարկել էր, որպեսզի խորհրդարանական որեւէ խմբակցության պատգամավորները, որոնք դուրս կգան, պետք է նաեւ վայր դնեն մանդատը: Նշենք, որ 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո այդպիսի խնդրի առջեւ էին կանգնել նաեւ ԲՀԿ խմբակցության անդամները, երբ մեծամասնական ընտրակարգով ընտրված մի քանի պատգամավորներ լքեցին Ծառուկյանին, դուրս եկան ԲՀԿ-ից, սակայն կարողացան պահել մանդատը: Ավելի վաղ՝ 2004թ. ձեւավորված խորհրդարանում այդպես եղավ ՕԵԿ-ի հետ, երբ այն ժամանակ այդ կուսակցությունը լքեց կոալիցիան. զանգվածային առնետավազք տեղի ունեցավ:
Եվ ահա այժմ ՀՀԿ-ն է կանգնել այդպիսի խնդրի առջեւ, սակայն որեւէ փոփոխություն չի կարող կատարել, քանի որ դա կհակասի Սահմանադրությանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, հիշելով իր առաջարկի եւ մերժման պատճառների մասին, նշեց. «Եթե հիշում եք, երկու տարի առաջ ես առաջարկեցի, որ կատարվի փոփոխություն, որ եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, այսինքն՝ նշանակում է նաեւ կուսակցության քաղաքական գծի հետ տարաձայնություն ունի, ապա ինքը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը: Եվ եթե հիշում եք, Հանրապետական կուսակցությունը սրերը բարձրացրեց վերեւ, եւ հայտարարեցին, որ ես հակասահմանադրական հայտարարություն եմ անում, եւ նման առաջարկությունը կլինի հակասահմանադրական: Եվ այսօր, կարծում եմ, իրենք կհիշեն իմ առաջարկը», – նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Եվ, իսկապես, այն ժամանակ նույն ՀՀԿ-ականներն էին դեմ նման կարգավորմանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչպես են նրանք այժմ վերաբերվում այդ առաջարկին եւ չեն փոշմանել արդյոք, որ նախկինում նման կերպ էին վարվել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը մեզ հետ զրույցում խուսափեց ասել՝ չեն փոշմանել, որ օրենքը փոխվել է: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` օրենքն այդպիսին է, եւ` վե՛րջ. «Կա օրենք, եւ` վե՛րջ: Իհարկե, նախկինում այլ օրենք էր, իսկ հիմա գործում է այլ օրենք, եւ` վե՛րջ: Մենք իրավական պետություն ենք, եւ օրենքն ամեն ինչից բարձր է», – նշեց նա: Այլ կերպ ասած` ՀՀԿ-ականներն իսկապես կցանկանային նախկին կանոնակարգումներն ունենալ, սակայն արդեն անկարող են:
Հ.Գ. Երեկ էլ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել նաև Արման Սահակյանը:
Նաիրա Հովհաննիսյան