Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դատական համակարգին. «Հաջորդ կարեւորագույն խնդիրը, որը անկյունաքարային նշանակություն ունի, դատական անկախ համակարգի գոյությունն է: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով` անձամբ բախվեցի այն իրողության հետ, որ Հայաստանի դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի:
Հայաստանում, ըստ էության, գոյություն ունեն դատական համակարգի անկախությունը ապահովող որոշակի օրենսդրական կարգավորումներ, բայց այս պարագայում իրականությունը ավելի հզոր է, քան օրենսդրությունը, եւ մեր առաջ` նոր իշխանության առաջ, գայթակղության մի մեծ քար է դրված, ի՞նչ անել, շարունակե՞լ դատարանների հրահանգավորելու արատավոր ավանդույթը` դա հիմնավորելով զանազան բարի նպատակներով, թե՞, այնուամենայնիվ, կոնկրետ քայլեր անել դատական համակարգի անկախությունը երաշխավորելու եւ ապահովելու համար: Բաղրամյան 26-ում հայտնվելով` ինքս ինձ որոշում եմ կայացրել չշարունակել այս արատավոր գործելակերպը, որ հանրային համոզմունքի համաձայն` երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, եւ զերծ մնալ դատավորների շեֆի տարօրինակ դեկարատարումը ստանձնելուց:
Չնայած խոստովանեմ` բախվում եմ իրավիճակների, երբ դատական համակարգի ներկայացուցիչները միջնորդավորված, անուղղակի ձեւով խնդրում, աղաչում, աղերսում, ի վերջո պահանջում են ասել, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն դեպքում: Ուզում եմ հստակ ասել, որ հրաժարվում են նման գործելակերպից, որովհետեւ դա դեպի դիկտատուրա տանող ուղիղ եւ ժողովրդական հեղափոխության վարչապետի կարգավիճակի հասած մարդու համար անպատվաբեր ճանապարհ է: Ասել եմ եւ կասեմ` Հայաստանում դատավոր նշանակված բոլոր անձինք այդ կարգավիճակը ստանձնել են կամավոր եւ եթե որոշել են, որ ունենա անհրաժեշտ հմտություններ, գիտելիք, իմաստնություն մարդկանց ճակատագրեր որոշելու, թող որոշեն ինչպես եւ նախատեսվում է օրենքով, մյուս կողմից որեւէ դատավոր թող չփորձի կայացնել որոշումներ` հիմնված կաշառքի, տարբեր տեղերից ստացվող զանգերի, ստվերային ազդեցությունների վրա, որովհետեւ նման գործելակերպ որդեգրող դատավորների անխուսափելի հանգրվանը Երեւան կենտրոն քրեակատարողական հիմնարկն է: Ես գիտեմ, ենթադրում եմ, որ Հայաստանում կան դատավորներ, որոնք սովոր են որոշումներ կայացնել կաշառքով, հրահանգով կամ կոռուպցիոն այլ մոտիվացիաներով. նրանք, ովքեր իրենց սովորություննեը փոխել չեն կարող, ճիշտ կանեն հրաժարական տան եւ հեռանան դատաիրավական համակարգից»,- հայտարարեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը դատավորներից փորձեց հետաքրքվել, թե իրենք աձամբ կամ միջնորդավորված դիմե՞լ են վարչապետին, թե ինչպես վարվեն որեւէ գործով որոշում կայացնելիս:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյան:
-Պարոն Վարդազարյան, լինելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ` դուք կամ Ձեր նախագահության տակ գտնվող դատավորներց ովքե՞ր են դիմել, աղերսել, խնդրել վարչապետին, որ ասի` ինչպես վարվեն:
-Ինքս անձամբ, միջնորդավորված կամ անուղակի չեմ դիմել, իսկ դատավորների վերաբերյալ չունեմ տեղեկատվություն, նման տեղեկություն չունեմ` դիմել են, թե չէ: Այսօր աշխատանքս բավականին ծանրաբեռնված է եղել, չեմ լսել վարչապետի ելույթը, բայց հավատում եմ Ձեր բառերին, որ վարչապետը նման բան է ասել: Չգիտեմ, պաշտոնապես նման բան չի եղել, ես ինքս չեմ դիմել, իսկ մնացածի մասով տեղեկություն չունեմ:
-Եթե, ինչպես վարչապետն է ասում, ավանդույթ է եղել Բաղրամյան 26-ի հրահանգով աշխատել, իսկ դատավորները եւ դուք ասում եք` նման բան չկա, ապա ինչպե՞ս եք որոշում կայացնում:
-Բացառապես օրենքով:
-Եթե բացառապես օրենքով եք աշխատել, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք, որ թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռերի» գործով կալանավորվածների հերթով խափանման միջոց են փոխում, եւ նրանք հայտնվում են ազատության մեջ, իսկ նախկինում բոլոր միջնորդությունները մերժվում էին:
-Եթե դատախազությունը այսօր հայտարում է, որ իրավիճակ է փոխվել, նրանց վտանգավորության աստիճանը նվազել է, ազատության մեջ գտնվելով` նրանք վտանգ չեն ներկայացնի, ու չի առարկում այդ միջնորդությանը, դատարանն էլ քննության միջնորդությունը բավարարում է, համենայնդեպս դատավորները այդ հարցը ինձ հետ չեն քննարկում, ամեն մարդ իր իրավագիտակցությամբ նայում է գործի նյութերին եւ որոշում է կայացնում, այդ հարցում միջամտությունը այն է, որի դեմ այսօր բոլորս պայքարում ենք, որ դատավորի նկատմամբ իր արդարադատությունը իրականացնելու պրոցեսում որեւէ միջատություն արգելվում է, ու մենք ունենք դրա պատկերը, մեկը մերժում է, մեկը բավարարում է, շատ նորմալ, ողջունելի պրոցես է գնում:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Սասնա Ծռերի» գործը քննող Արտուշ Գաբիրելյան:
-Պարոն Գաբրիելյան, դուք խնդրել, աղաչել, աղերսե՞լ եք վարչապետին` ասի, թե Դուք ինչպես վարվեք այս կամ այն դեպքում: Միգուցե աձամբ չեք դիմել, Ձեր ծանոթներից մեկին եք խնդրել` Ձեր փոխարեն խնդրի, աղերսի:
-Լավ էլի, ախր դա հարց տալու բա՞ն է:
-Դո՞ւք եք եղել աղերսողը:
-Ախր էդ հարցին պատասխանելու բան է, որ ես պատասխանեմ, կամ եթե ես պատասխանեմ այդ հարցին, սաղ աշխարհը կծիծաղի, այդ ի՞նչ հարց է, որ դուք ինձ տալիս եք: Լավ, նորմալ հարցեր կտաք, կպատասխանեմ:
-Եթե Դուք չեք, այդ դեպքում ինչպե՞ս եք որոշումներ կայացնում:
-Ի՞նչ որոշում:
-Ձեր վարույթում քննվող գործերը ինչպե՞ս եք կայացնում:
-Քեզ եմ հարցնում ու հետո նոր գնում կայացնում եմ, օրենքով եմ կայացնում, ուրիշ ի՞նչ կերպ պետք է կայացնեմ, կարող է` ինձ որեւէ մեկը պետք է ասի` ինչ անեմ, ու նոր անեմ:
-Այդ դեպքում ինչո՞ւ նախկինում Ձեր վարույթում քննվող «Սասնա Ծռերի» գործով կալանավորվածների ազատման միջնորդությունները մերժում էիք, իսկ հիմա բավարարում եք:
-Որովհետեւ իրենց վարքագիծը հիմա շատ է փոխվել, իրենք շատ խելոքացել են, խելոք են մնում, հարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի նկատմամբ, այ հիմնական խնդիրներից մեկը դա է:
-Այսինքն` քաղաքական իրավիճակի հետ կապվա՞ծ չէ Ձեր այդ դիրքորոշումը:
-Այն էլ կապ ունի, որոշակի դա էլ նշանակություն ունի, իհարկե, հենց այսօր երկու հոգու ազատ եմ արձակել:
Քնար Մանուկյան