«ՈՐԵՎԷ ԿԼԱՆԻ ԱՆԴԱՄ ՉԵՄ ԵՂԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ Արսեն Սաֆարյանի հետ։ Նա անդրադարձել է գործնական ծրագրերին, քաղաքական հարցերում իր նեյտրալ դիրքորոշմանը եւ նոր կառավարության հետ կապված հույսերին։

-Արսեն, կա՞ն նոր երգեր, որոնց վրա աշխատում եք։ Վերջերս թողարկեցիք տեսահոլովակ, հաջորդին ե՞րբ սպասենք։
-Այո՛, շատ երգեր կան, որոնք հավաքել եմ վերջին երկու տարվա ընթացքում եւ աշխատում եմ դրանց վրա։ Խոսքը մեկը մյուսից բավական տարբերվող ստեղծագործությունների մասին է։
-Նախկինում կար ակումբ, որը Ձեր անվան հետ էր ասոցացվում, այնտեղ կազմակերպում էիք համերգներ։ Հիմա, սակայն, այդ ակումբի հետ չեք համագործակցում։ Առաջիկայում հնարավո՞ր է Ձեր սեփական ակումբը հիմնեք։
-Ակումբի հետ կապված մտքեր, իհարկե, կան: Վաղ, թե ուշ, դրանք կյանքի կկոչվեն։ Ուղղակի պետք է քաղաքում հարմար տեղ գտնել, որտեղ կհավաքվեն մարդիկ, ովքեր սիրում են ճաշակով եւ բազմաժանր երգեր լսել։ Այդ վայրում ես կկենտրոնացնեմ իմ մենահամերգները։ Հիմա, երբ ակումբով զբաղված չեմ, հարմար ժամանակ է ստեղծագործելու, երաժշտությամբ զբաղվելու համար։ Իսկ ակումբը երբ կլինի, կլինի։
-Գաղտնիք չէ, որ ինչպես մի շարք ոլորտներում, շոու-բիզնեսում եւս առկա են մենաշնորհներ։ Դուք երբեւէ բախվե՞լ եք այդ խնդրին։
-Երբեւէ չի եղել մի անձ կամ կազմակերպություն, որը խանգարել է ինձ ստեղծագործել կամ որեւէ հարթակում ելույթ ունենալ։ Գուցե եղել են մարդիկ, որոնց խանագարել են, չեմ կարող ասել։ Իհարկե, այնպես էլ չի եղել, որ գլուխները կորցրել են ինձ օգնելու համար (ծիծաղում է)։ Կարճ ասած՝ ինձ ո՛չ օգնել են, ո՛չ խանգարել։ Ես քաղաքականությանն առնչվող թեմաների շուրջ միշտ նեյտրալ դիրքորոշում եմ ունեցել, երբեք քիթս չեմ խոթել այստեղ կամ այնտեղ։ Երգել եմ բոլորի համար։ Չեմ երգել միայն «Հանրապետական»-ի, միայն «Ծառուկյան» դաշինքի կամ միայն «Օրինաց»-ի համար։ Միշտ ասել եմ, որ իմ դերն ու մասնակցությունը այս կամ այն իրավիճակին պայմանավորված է իմ մասնագիտությամբ, ոչ ավելին։ Միշտ նշել եմ, որ քաղաքական որեւէ ուժի անուն չեմ հնչեցնելու, դրա իրավունքը չունեմ, եթե անունը տամ, կնշանակի կիսում եմ այդ ուժի հայացքները։ Եթե ելույթ եմ ունենում, ուրեմն միայն ժողովրդի դիմաց։
-Համենայն դեպս, շոուբիզնեսյան որեւէ կլանի չե՞ք պատկանել։
-Ո՛չ, որեւէ կլանի անդամ չեմ եղել։ Երգիչը, արվեստի մարդը պետք է մնա իր տեղում՝ իհարկե, ունենալով տեսակետներ, հայացքներ, քանի որ հասարակության մի մասնիկն է։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր դիմաց արվեստի մարդ է, եւ իր խոսքը կարեւոր է։ Պետք է շատ զգույշ վերաբերվել արվեստի մարդկանց, իսկ արվեստի մարդիկ էլ պետք է իրենց արժանապատիվ պահեն։ Նրանք պետք է լինեն այն ազդեցիկ ուժը, որի հետ հաշվի կնստեն, ոչ թե որին երկու կոպեկ կշպրտեն եւ կմտածեն, որ մեծ բան են արել։
-Իսկ ի՞նչ հույսեր եք կապում նոր կառավարության հետ։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում այն Հայաստանում, որը ծնվեց վերջին երկու ամսում։
-Ինձ զգում եմ այնպես, ինչպես միշտ։ 1990-ականներից շատ խառը իրավիճակների ականատեսն եմ եղել, բայց չեն եղել պահեր, երբ ասեմ՝ վե՛րջ, սրանից հետո հրաշք է լինելու։ Չէ՛, այդ ակնկալիքը չեմ ունեցել նաեւ այս վերջին շարժման ժամանակ։ Ես գիտեմ մի բան. եթե տվյալ քաղաքական ուժը հավատարիմ մնա իր հայացքներին, գուցե շատ բան փոխվի, բայց եթե ընկնի փափուկ, լավ ապրուստի գիրկը, մոռանա՝ որտեղից է եկել եւ ուր պետք է գնա, այդ դեպքում ոչինչ էլ չի փոխվի։ Ամեն դեպքում, հուսով եմ նայում ապագային։ Միշտ էլ լավատես եմ եղել։ Ակնկալում եմ, որ երեխաներս ապրեն ապահով Հայաստանում։ Մեր սերունդն ամեն ինչ տեսավ, բայց վաղվա օրը չէր տեսնում։ Հիմա ուզում եմ, որ երեխաներս տեսնեն այդ վաղվա օրը։ Ես աշխատել եմ եւ կաշխատեմ միայն «կոկորդով», եւ նշանակություն չունի՝ ով կկառավարի երկիրը, ինչպես դա կանի, միայն ուզում եմ, որ Հայաստանը դառնա օրենքի երկիր։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԻՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ ՇԱՏԵՐԻՆ Է ՎԱՆՈՒՄ»

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նկարահանվել է 25 մասից բաղկացած ֆիլմում։ Խոսքը վերաբերում է «Դեպի երազանք» հեռուստանովելի երկրորդ մասին։ Այն կհեռարձակվի օգոստոսին։

«Շնորհակալ եմ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանին՝ Մենչին, եւ բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ։ Ես չէի աշխատել այս խմբի հետ եւ գաղափար չունեի, թե խմբի անդամները որքան համախմբված կարող են լինել։ Այս ֆիլմում մարմնավորում էի բացասական կերպար։ Ինձ դուր եկավ ռեժիսորի մոտեցումները»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Նաիրան։
Նա խոստովանեց, որ կարոտել էր նկարահանման ընթացքին, այդ աշխատանքի ընթացքին եւ այն բանին, թե ինչպես պետք է վերաբերվել դերասանին: «Վաղուց էր՝ չէի խաղացել, եւ ինձ վերագտա, կարոտս առա։ Հեռուստադիտողներն ինձ կտեսնեն նոր կերպարում, նոր գույների մեջ»,-ասաց նա։
Իսկ հարցին, թե ինչու է Նաիրան համեմատաբար պասիվացրել իր դերասանական գործունեությունը, վերջինս պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Գուցե եկել է նոր սերունդ, եկել են ինձ փոխարինողներ։ Համենայն դեպս, ես դեմ չեմ խաղալուն։ Կամ էլ գուցե ռեժիսորներն ունեն իրենց ֆավորիտ դերասաններին, դա էլ նորմալ եմ համարում։ Համենայն դեպս, ես անընդհատ աշխատում եմ։ Միշտ փորձում եմ խնդիրն ինքս իմ մեջ փնտրել։ Իմ անմիջական լինելը շատերին է վանում։ Ես չեմ կարող քծնել, ջան-ջիգյար ասել միայն այն բանի համար, որ ինձ դեր տան։ Սա ինձ եւ իմ նմաններին խանգարում է առաջ գնալ»։
Նաիրան շեշտեց՝ միայն ճանաչվելով եւ փիարի շնորհիվ` դերասան չեն դառնում: «Վերջերս մի քանի ճանաչված դերասանների ասացի այս մասին, բոլորն իմ դեմ դուրս եկան, ասացին, որ սխալ պատկերացումներ ունեմ»,-նշեց մեր զրուցակիցը։
Հիմա դերասանուհին աշխատում է ընտանեկան մի ակումբում՝ որպես հանդիսավար։ Բացի այդ՝ ուղիղ եթերների միջոցով հյուրընկալվում է հոգեբանների, բժիշկների մոտ, համագործակցում է տարբեր մասնագետների հետ՝ բարձրացնելով առողջ ապրելակերպին կամ այլ թեմաներին առնչվող հարցեր։
«Ես բալիկ եմ պահում եւ չեմ պատրաստվում ինչ-որ մեկի ձեռքին նայել»,-եզրափակեց Նաիրան։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՄԱՐԶԻՉ
Խուլեն Լոպետեգին ԱԱ-2018-ի ընթացքում չի ղեկավարի Իսպանիայի հավաքականը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը: Իսպանիայի հավաքականը կարող են գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն եւ Միչելը:
Էնրիկեին, որն ավելի վաղ բանակցություններ էր վարել «Չելսի»-ի եւ «Արսենալ»-ի հետ, ցանկանում է հրավիրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն Ֆերնանդո Իերոն, իսկ ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսն էլ ցանկանում է հրավիրել Միչելին: «Մենք ստիպված ենք հրաժարվել գլխավոր մարզչի ծառայություններից: Ցանկանում ենք նրան ամենայն բարիք եւ հաջողություն»,-նշել է Ռուբիալեսը: Տեղեկություններ կային, որ Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Ռամոսի պնդմամբ` որոշվել է պահել Լոպետեգիին գլխավոր մարզչի պաշտոնում: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է:
Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնապես հայտարարվեց այն մասին, որ Լոպետեգին գլխավորելու է Մադրիդի «Ռեալ»-ը:

 

 

«ՄԱՏՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱՑ» ՁԵՌԱԳՐՈՒՄ
«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվել է «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում, որը առաջինը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Չո Լա Աունը դարձել է «Ավրորա»-ի դափնեկիր, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանության վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների:
«Մատյան Մարդասիրաց»-ն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության տարեգրությունն ամփոփող ձեռագիր մատյան է եւ հանրությանն է ներկայացվել 2018 թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման օրը: Այդ օրն ազդարարվել են նաեւ «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսների անունները` արձանագրվելով «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում:




Լրահոս