Գեղարքունիքի երկու համայնքում ընտրություններ կլինեն. ովքեր կառաջադրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ երկու գյուղերում կնշանակվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտահերթ ընտրություն կնշանակվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենում եւ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում: Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը այս պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ռուբիկ Ղուկասյանը այս մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել` առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ:

Եթե Վերին Գետաշենի գյուղապետը առողջական խնդիրներով է հրաժարական տվել, ապա Արարատի մարզի Զանգակատուն համայնքի ղեկավար Էմին Սահակյանի դեպքում պատճառն այլ է: Ի դեպ, տեղեկացնենք, որ Էմին Սահակյանը երկար տարիներ է, ինչ Զանգակատուն համայնքի ղեկավարն է. նա այս պաշտոնում վերընտրվել է 2016 թվականի դեկտեմբերի 18-ին: Իսկ ահա հունիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն «ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Զանգակատան գյուղապետ Էմին Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել գյուղացիների պահանջով: Պատճառն այն է, որ նրանք դժգոհ են Սահակյանի աշխատանքից: Նրանց պատմելով` իրենք են ստիպել, որպեսզի գյուղապետն ինքնակամ վայր դնի լիազորությունները: Ու որպեսզի իր անվան շուրջ բողոքի ալիք չբարձրանա, Էմին Սահակյանը որոշել է գյուղացիների կամքը կատարել` ներկայացնելով հրաժարականի դիմումը: Նշենք, որ այժմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է Հովիկ Կարապետյանը, ով իր լիազորությունները ստանձնել է հունիսի 18-ին: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է գյուղապետարանում ներքին աուդիտ անցկացնել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ե՛ւ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենում, ե՛ւ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում գյուղապետի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվել է հոկտեմբերի 21-ը: Հավանաբար հենց այդ օրն էլ երկու համայնքերում էլ տեղի կունենա գյուղապետի արտահերթ ընտրությունը, որի անցկացման համար, ի դեպ, կառավարությունը գումար է հատկացնելու: Սակայն Հովիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում դժվարացավ նշել` կառաջադրի իր թեկնածությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ ընտրությանը, թե ոչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս