Եկեք հիմա մենք մեզ չխաբենք. Կիրո Մանոյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այս հայտարարության եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:

-Պարո՛ն Մանոյան, վարչապետի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, այս պահին ճի՞շտ քայլ էր:

-1991 թ. ի վեր Հայաստանի իշխանությունները դա են ասել, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանի հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ: Հիմա վարչապետը նոր բան չի ասել:

-Թուրքիայի ԶԼՄ-ներն այս հայտարարությունը որակել են որպես կարեւոր, անգամ պատմական:

-Մի թերթ է գրել, մնացածը մանր-մունր կայքեր են: Բայց ո՛չ պաշտոնական արձագանք կա, ո՛չ հեռուստատեսությունն է անդրադարձել դրան:

-Եվ սա ինչո՞վ եք բացատրում:

-Նոր չէ, որ Հայաստանի արարքներն ու ասածները Թուրքիայում անտեսվում են, որովհետեւ Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար այսօր առաջնային խնդիր չեն: Եվ հիմա մենք մեզ չխաբենք, որ այս հայտարարությունը մեծ արձագանք է գտել:

-ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալը բացատրում էր հայ-թուրքական արձանագրությունների խնդրով: Հիմա կարիք կա՞ նոր արձանագրությունների:

-Ոչ, այս բոլորից հետո Հայաստանի կողմից 3 պարբերությամբ նախագիծ պետք է սեղանի վրա դրվի, որտեղ ասվում է` 2 պետությունները որոշել են դիվանագիտական հարաբերություն հաստատել, իրենց ցամաքային ճանապարհները բացել, տնտեսական հարաբերություններ զարգացնել եւ վերջինը` 2 պետությունները որոշել են իրենց միջեւ առկա բոլոր խնդիրները կարգավորել խաղաղորեն, միջազգային իրավունքի եւ պրակտիկայի համաձայն: Եթե մի օր Թուրքիայում կլինի իշխանություն, որն իսկապես առանց նախապայմանների պատրաստ կլինի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ ցամաքային շրջափակումը հանել, այդ ժամանակ էլ կստորագրենք: Այլապես դրա վրա ժամանակ վատնելու կարիք չկա: Մենք ոչ թե Թուրքիայի հետ հարաբերություններին դեմ ենք, մենք դուրս եկանք կոալիցիայից, որովհետեւ ապրիլի 22-23-ին համատեղ ճանապարհային քարտեզ հրապարակվեց, որիցմենք` որպես կոալիցիայի անդամ, տեղյակ չէինք: Եվ ընդհանրապես, մենք արձանագրություններին դեմ էինք, որովհետեւ դրանք բավարարում էին Թուրքիայի 3 նախապայմաններից առնվազն երկուսին: Մենք պահանջում ենք, որ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի, որովհետեւ այս պահվածքը, որ կա, մերժում է հարաբերություններ հաստատել հարեւանի հետ եւ ցամաքային ճանապարհը բացել, փաստորեն, դիվանագիտական տեսանկյունից պատերազմական կեցվածք է: Մենք պահանջում ենք, որ Թուրքիան իր թշնամական կեցվածքը փոխի եւ փորձի առնվազն նորմալացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները: Մենք դրա դիմաց տալու ոչինչ չունենք:

-Նախորդ իշխանության` այս հարցում հիմնական սխալը հենց հայ-թուրքական արձանագրություննե՞րն էին:

-Հիմնական խնդիրը դա էր: Ստորագրությունները հանվեցին, բայց Թուրքիան որոշ չափով այդ արձանագրություններից օգտվեց: Ճիշտ է, Թուրքիայի սխալների պատճառով ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ` 2015- 2017 թթ. ինչ-որ իմաստով ՀՀ-ն էլ կարողացավ օգտագործել այն փաստը, որ Թուրքիան արձանագրությունները չէր վավերացնում:

Վարչապետն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան կապում է ԼՂ հակամարտության հետ: Ի՞նչ եք կարծում, ներկայիս իշխանությունը կկարողանա՞ երկու երկրների հարաբերություններում առաջընթաց գրանցել առանց արցախյան խնդիրը մեջտեղ բերելու:

-Ոչ, որովհետեւ դա ոչ թե ՀՀ իշխանությունների կեցվածքի պատճառով էր, այլ Թուրքիայի կեցվածքն է եղել: Հիմա մեզ մոտ իշխանությունը փոխվել է, բայց Թուրքիան իր կեցվածքը չի փոխում: Եվ դա պայմանավորում է այլ շահերով, ոչ թե նրանով, թե Հայաստանում ով է իշխանության: Այն օրը, երբ Թուրքիան նման հարց չդնի, արդեն կարելի կլինի հարաբերություններ հաստատել:

-Դա, ըստ Ձեզ, ե՞րբ կլինի:

-Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ նոր տեղի ունեցան, եւ արդեն ճշտում են, թե Հայաստանի հետ ինչպիսի հարաբերություններ կարող են ունենալ: Կարծում եմ` Թուրքիայում տակավին կշարունակվի ավելի ազգայնական, ազգայնամոլ արմատականացման գնալը, եւ դա նաեւ պատճառներից մեկն է, որ Թուրքիայի իշխանությունների համար ՀՀ հետ հարաբերություններն առաջնային խնդիր չեն առնվազն առաջիկա 1, 2 տարիներին:

-Հնարավո՞ր է` ՀՅԴ-ն դեմ գնա վարչապետի հայտարարությանը եւ հայտնի այդ մասին:

-Ոչ: Այնպես չէ, որ Փաշինյանն ասում է` վաղն ինչ-որ գործընթաց է սկսելու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար: Կեցվածք են ցանկացել իմանալ, ինքն էլ հայտնել է:

-Իսկ պատրաստվո՞ւմ եք այս հարցով վարչապետի հետ խոսել:

-Չեմ կարծում, որ վարչապետը չգիտի մեր տեսակետը: Ենթադրում եմ, որ նաեւ այդ տեսակետները հաշվի առնելով է, որ ինքն ի վերջո եզրակացրել է:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս