«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արշալույսի գյուղապետարանում իրականացված ստուգումներից հետո հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ Արշալույսը համարվում է ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդավայրը, իսկ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը նրա եղբոր որդին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի արդեն նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից Արշալույսի գյուղապետարանում իրականացված իրավական եւ մասնագիտական հսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, ապա հարուցվել է քրեական գործ` պաշտոնական լիազորությունները անցնելու եւ յուրացումներ կատարելու փաստի առթիվ:
Մեզ հայտնի դարձավ, որ մարզպետարանի ստուգումների արդյունքում պարզվել է, որ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի ներկայացմամբ եւ համայնքի ավագանու որոշմամբ` գյուղում գործող նախադպրոցական ՀՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել բարձրագույն կրթություն չունեցող անձ: Արդյունքում համայնքի բյուջեից նրան վճարվել է 886 հազար դրամ աշխատավարձ: Այս դեպքում գյուղապետը իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում գույքային վնաս է պատճառել գյուղապետարանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանից, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: