Գրադարանավարին ազատել է աշխատանքից, որպեսզի ճանապարհները նորոգի՞. ինչ է կատարվում Ճամբարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղաքրունիքի մարզի Ճամբարակի 48-ամյա բնակչուհի Գալյա Քեշիշյանը, ով դեռեւս 1991 թվականից մինչեւ մայիսի 18-ը աշխատել է քաղաքի գրադարանում: Ճամբարակի ՀՀԿ-ական քաղաքապետ Վազգեն Ադամյանը որոշել է տնտեսել քաղաքային բյուջեի միջոցները, եւ արդյունքում Գալյա Քեշիշյանը մայիսի 18-ից ազատվել է աշխատանքից:

Գալյա Քեշիշյանն իրեն աշխատանքից ազատելը կապում է անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ: Նրա խոսքերով` ընտրված քաղաքապետ Վազգեն Ադամյանն իրեն գրադարանավարի աշխատանքից ազատել է` նախկին քաղաքապետ Յուրա Ավալյանի օգտին քվեարկելու պատճառով:

«Քանի որ ընտրություններից հետո` հունվարի 23-ին, ինձ տեղեկացրեցին, որ կրճատման տակ եմ ընկել, բայց այդ մասին մոռացել էին նախապես ծանուցել: Ես էլ իրենց ասացի, որ դատական կարգով կբողոքարկեմ: Ինչից հետո` փետրվարի 7-ին, կանչեցին աշխատանքի: Բայց մարտին կրճատման մասին ծանուցում ուղարկեցին, իսկ արդեն մայիսի 18-ին իմ հետ կնքած պայմանագիրը լուծարեցին»,- ներկայացրեց Գալյա Քեշիշյանը: Նշենք, որ Գ. Քեշիշյանը հաշմանդամության 3-րդ կարգ ունի: Մեզ դիմած քաղաքացու խոսքերով` քաղաքապետարանը սա պետք է հաշվի առներ եւ այլ աշխատանքով ապահովեր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այժմ գրադարանում կա երեք հաստիք` տնօրենի, որը միաժամանակ իրականացնում է գրադարանավարի պարտականությունները, հաշվապահի եւ մաքրուհու: Այսինքն` ընթերցողներին սպասարկում է տնօրեն-գրադարանավարը:

Գրադարանավարն այս հարցով դիմել է ե՛ւ Գեղարքունիքի մարզպետարան, ե՛ւ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին: Մարզպետարանից արձագանքել են քաղաքացու դժգոհությանը եւ պատասխանել, որ իրավասու չեն միջամտել քաղաքապետարանի որոշումներին: «Տնօրենը գրադարանավար է մասնագիտությամբ, բայց ուշ-ուշ է գնում աշխատանքի, օրերով մարդիկ գնում են գրադարան, բայց փակ է լինում: Անգամ եղել է, որ մաքրուհին է մարդկանց սպասարկել: Մաքրուհին քարտի վրա անհրաժեշտ գրառումներն արել է եւ գիրքը տվել ընթերցողին»,- ափսոսանքով նկատեց գրադարանավարը: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է Քեշիշյանին զայրացրել է քաղաքապետ Ադամյանի պատասխանը. «Ես ստացել եմ 27 հազար 500 դրամ աշխատավարձ, բայց ինքը ինձ ասաց` քո աշխատավարձը կհավաքեմ ու քաղաքի ճանապարհները կնորոգեմ»:

Քաղաքացու դժգոհության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ճամբարակի փոխքաղաքապետ Ռոբերտ Օհանյանի հետ, որն ասաց. «Ինքը անհիմն չի հեռացվել աշխատանքից: Նրա նկատմամբ անհատական որոշում չի կայացվել: Հաստիքների կրճատում է եղել, համայնքապետարանը նպատակահարմար չի գտել գրադարանը այդ կազմով պահելը: Տնօրենը ակադեմիական կրթություն ունի, մասնագիտությամբ գրադարանավար է: Մենք գիտենք` ինքը խոցելի խմբում է, բայց եթե հնարավորություն լինի, ապա իրեն այլ աշխատանք կառաջարկենք»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս