Հարց քաղաքացիներից` եթե աշխատողի դրույքը պակաս է մեկ դրույքից, ապա սոցիալական փաթեթից օգտվելու ինչպիսի՞ սահմանաչափ է կիրառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե աշխատողի դրույքը (աշխատաժամանակը) պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից), ապա սոցիալական փաթեթից օգտվելու ինչպիսի՞ սահմանաչափ է կիրառվում նրա համար:

Լիաննա Պողոսյան (41 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս` բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն` աշխատաժամանակի կրճատ տեւողություն սահմանվում է`
1) տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ, տասնվեցից մինչեւ տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ; 2) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված, առողջության համար անվտանգ մակարդակի: Այդ դեպքում աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ; 3) գիշերային ժամանակ աշխատող անձանց համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս