ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին իր խորհրդականի պաշտոնում նշանակելու որոշումը կայացնելիս ուշագրավ հայտարարություն է արել: Ինչպես հայտնի է, 2016թ. Կարապետյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը եւ ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով` ազատվեց աշխատանքից, քանի որ շատերը նաեւ նրան էին համարում հիմնական պատասխանատուներից: Եւ, ահա, Փաշինյանը երեկ հայտարարել է. «Նրանք, ովքեր ասում են, թե Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ասում են, որ նրանից վերեւ ոչ մեկ պատասխանատու չէ… Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»:
Փաստորեն, ՀՀ վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ հայկական հետախուզությունն ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի զինուժի տեղաշարժի մասին ժամանակին ներկայացրել է զեկույցներ, բայց նախկին իշխանության ներկայացուցիչներն ընթացք չեն տվել՝ ցուցաբերելով հանցավոր անգործություն կամ անտարբերություն: Ի դեպ, պատերազմից հետո այս մասին շատ-շատ է խոսվել, նման կասկածներ մշտապես եղել են: Ու հիմա տրամաբանությունը ենթադրում է, որ Փաշինյանի երեկվա հայտարարություններին պետք է հետեւեն իրավական գործողությունները: Պետք է քրեական գործ հարուցել պարզելու` եթե հետախուզական տվյալների պակաս չի եղել, ապա ինչո՞ւ այն ժամանակ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել` ռազմական լայնածավալ գործողություններին պատրաստվելու եւ դիմակայելու կամ այդ գործողությունները կանխելու ուղղությամբ: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հայտարարել էր, թե անորակ վառելիքի պատճառով զրահատեխնիկան ապրիլյան պատերազմի ժամանակ չէր աշխատել: Նախկին իշխանությունները պնդում էին, որ նման բան չկա: Հիմա սա առիթ է նաեւ այդ հայտարարությունների ճշմարտացիությունը պարզելու համար:
Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ, եթե այս բոլոր հարցերի պատասխանը տար ինքը՝ Արշակ Կարապետյանը:

 

 

 

Նոյեմբերի 2-ին Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում, վիճաբանություն էր եղել, հնչել էին կրակոցներ: Ըստ պաշտոնական աղբյուրների` 4 անձ բերման էր ենթարկվել, դեպքի վայրի զննությամբ եղեւնու տակ հայտնաբերվել էր հրազեն՝ ատրճանակ, որն իրավապահներն առգրավել էին: Այս գործն արագ մոռացվեց: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել, որ կրակոցների կիզակետում են եղել «Ռոսնեֆտ» ՍՊԸ տնօրեն Ներսես Շիրինյանը. նրա եղբայրը` Գառնիկ Շիրինյանը, 2018 թվականի ավագանու ընտրություններում ընդգրկված է եղել ՕԵԿ ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հայտնաբերված զենքը, որից այդ օրը հնչել էր կրակոցը, ժամանակին նվիրել էր Lեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Թե ում էր Ղուկասյանը նվիրել, մեզ չհաջողվեց պարզել: Միայն հայտնի դարձավ, որ զենքով պարգեւատրված անձը իրավապահներին ցուցմունք է տվել, որ ինքը զենքով չի կրակել, այլ վիճաբանության ժամանակ զենքը իր ձեռքից ընկել է, եւ ընկնելու արդյունքում է կրակոց արձակվել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2019 թվականի հունվարի 7-ից հետո կբացվի ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար, երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանի կտակը: Նախատեսվում է կտակը բացել նրա հարազատների ներկայությամբ եւ, ըստ այդմ, հայտնի կդառնա, թե Հայրապետյանի բիզնեսներից ում որքան բաժին կհասնի, ով ինչպես կտնօրինի: Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում: Այդ կապակցությամբ Sobesednik.ru-ն գրել էր` վատացել էր նրա ինքնազգացողությունը, սակայն Հայրապետյանին այդպես էլ չէին տեղափոխել հիվանդանոց: Վարկածներ կան, որ գործարարին թունավորել են, որը մեղադրվում էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար հափշտակելու համար: Հայրապետյանը բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացրել հայրենի Արցախում:

 

 

 

«Իմ քայլը» դաշինքը երեկ երեկոյան անցկացրած նիստում որոշել է նոր խորհրդարանի ղեկավար կազմը: Արդեն հրապարակվել է, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու են Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: «Իմ քայլը» դաշինքը նաեւ որոշել է թեկնածուներ առաջադրել ԱԺ 10 հանձնաժողովներ ձեւավորելու համար: Անունները դեռ վերջնական չեն հրապարակվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարելու է Ռուբեն Ռուբինյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանը, Պաշտպանության, ներքին գործերի եւ ԱԱ հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Բաբկեն Թունյանը, Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովը՝ Վարազդատ Կարապետյանը, Կրթության եւ գիտության հանձնաժողովը՝ Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովը` Նարեկ Զեյնալյանը: Ամենայն հավանականությամբ, 2-3 հանձնաժողով կտրվի ԲՀԿ-ին՝ Եվրաինտեգրացիայի եւ ֆինանսավարկային հանձնաժողովները, միգուցե ՏԻՄ հանձնաժողովը եւս, եթե այն առանձնացվի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որ ժամանակին միացվել էր Պետաիրավական հանձնաժողովին, կառանձնացվի ու կտրվի «Լուսավոր Հայաստան»-ին:

 

 

 

ԿՌՎԱԽՆՁՈՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բավական ծանր ժառանգություն է բաժին հասել: Խոսքը միայն ներքին խնդիրների մասին չէ, այլ շատ ավելի լուրջ մարտահրավերներ կան` կապված արտաքին քաղաքական ճակատի հետ: Մարտահրավերներ, որոնք ստեղծվել են գերտերությունների, մասնավորապես` Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության հետեւանքով: ՈՒ հիմա գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է Հայաստանին «իր կողմը քաշել»:
Դրա վկայությունն է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հարցազրույցը, երբ ասել է, թե Մոսկվան հույս ունի՝ ՀՀ նոր ղեկավարությունը քաջություն կունենա դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը, ինքնուրույն որոշումներ կկայացնի: Միաժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ նախագահի ԱԱ հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայ ժողովրդի պատմական փորձը նվաստացնող հայտարարություն է արել, երբ խոսելով հայ- ռուսական բարեկամության մասին` այն կոչել է պատմական կաղապար: Իհարկե, Բոլթոնն իր հարցազրույցում որեւէ երկրի անուն չէր հիշատակել, այլ միայն ասել էր, որ «Ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում եւ չկաշկանդվել պատմական կաղապարներով»։ Սակայն ՌԴ ԱԳ փոխնախարարը հիմա պնդում է, որ այդ խոսքերն իրենց դեմ էր ուղղված: «Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է կատարվում կուլիսների հետեւում»- նշել է նա:
Իր հերթին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանում հայ-իրանական կապերի մասին խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, թե Վաշինգտոնը Երեւանի վրա ճնշում է գործադրել Իրանի հետ կապերը կրճատելու նպատակով: Բայց, ըստ Թումանյանի, բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն հասկացել է, որ Իրանի հետ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն ՀՀ-ի համար:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ՀՀ-ն գերտերությունների համար կռվախնձոր է դարձել, եւ սա վերջին ժամանակներս երեւում է անթաքույց: Եթե նկատի ունենանք ԼՂ հակամարտության առկայությունը, դժվար չէ կռահել նման հայտարարություններ հնչեցնելու պատճառը: Կարասինի հայտարարություններին հետեւել է ՀՀ պատասխանը. նախ` ՀՀ ԱԳՆ-ն խոսնակի միջոցով ասվել է, որ ՀՀ-ն միջազգային հարաբերությունները կառուցում է ինքնիշխան հավասարության սկզբունքի հիման վրա, երկկողմ հարաբերությունները երրորդի հաշվին չեն կառուցվում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նման պնդում է արել` ասելով. «ՀՀ-ն վարում է ինքնուրույն քաղաքականություն, եւ կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, ապա շատերն են դա տեսնում: Եվ ՀՀ այդ քաղաքականությունը շարունակվելու է»:




Լրահոս