Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ հունիսի 6-ից ընթանում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Սարգիս Մխիթարյանի դատավարությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի զորամասի հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի մարտական մեքենայի հրամանատար` 2018թ. օգոստոսի 24-ից մինչեւ 2018թ. սեպտեմբերի 7-ը որպես դիտորդ նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության Տավուշի մարզում տեղակայված զորամասի պաշտպանական դիրքում, ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով կատարել է անդամախեղում. իրեն ամրակցված դիպուկահար հրացանից կրակոց արձակելով բազկին` պատճառել է առողջության թեթեւ վնաս:
Ս. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) եւ 371 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անձնական կամ ծառայողական օգտագործման համար տրամադրված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները կամ ռազմական այլ գույքը յուրացնելը կամ վատնելը):
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: