Աշխատակիցները չէին մտածում, որ Պարազյանը կարող է «Տաշիրի» «գլխից թռնի». հաշմանդամ դարձած աշխատակիցը նոր մանրամասներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ռուսաստանաբնակ գործարարներ Վահե Պարազյանի և Աշոտ Պարազյանի մասին։ Ռուսաստանաբնակ գործարար Վահե Պարազյանը ներգրավված է մի քրեական գործում, որ տեղ որպես մեղադրյալ է հանդես գալիս «Տաշիր» ընկերույթունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Շվեյցարաբնակ գործարար Նորիկ Դավթյանը պատրաստվում է ներկայանալ հայ և ռուս իրավապահներին՝ պատմելու, թե ինչպես են իրեն 6 տարի առաջ խոշտանգել Պարազյանները։ Նորիկ Դավթյանի խոսքերով, իրեն այնքան են ծեծել, որ փշրել են ոտքը, որը մի քանի վիրահատությունից հետո էլ հնարավոր չի եղել վերականգնել և այն պետք է հեռացնել։

Դավթյանը պատմել է, որ 15 տարի ապրել է Կալուգայում։ Նա հիմա երրորդ կարգի հաշմանդամություն ունի և պնդում է, որ դրանում մեղավոր է Պարազյանների ընտանիքը։ Նա նշում է որ 2007-ից աշխատել է Աշոտ Պարազյանի մոտ՝ սկզբում եղել է նրա վարորդը, ապա վստահված անձը։ Այդ ժամանակ Աշոտ Պարազյանը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տեղակալն էր։ Պարազյանը Դավթյանին ներգրավել է շինարարության ոլորտում հիմնած իր ընկերության մեջ։

Այդ ընկերությունները «Տաշիրի» անվան տակ մասնակցում էին տարբեր տենդերների, սակայն Դավթյանը պնդում է, որ «Տաշիրի» սեփականատերը ոչ այդ ընկերությունների մասին գւտեիր, ոչ էլ այն մասին, որ դրանք մասնակցում ու հաղթում են այդ թվում «Գազպրոմի» հայտարարած մրցույթներում։

«Ընկերություն էին բացում, տնօրեն էին նշանակում, կեղծ համաձայնագրեր էին կնքում, հետո մասնակցում էին տենդերների։ Ընկերությունների աշխատակիցները չէին մտածում, որ Պարազյանը կարող է «Տաշիրի» «գլխից թռնի»։

Առաջիններից մեկը ես եմ եղել, որ դա նկատել եմ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ իր տեղեկությունների մասին որոշել է հայտնել «Տաշիրի» ղեկավարներն, սակայն չի հասցրել։ Պարազյանները Դավթյանից հետ են պահանջում 2.5 մլն ռուբլի, որ վճարել էին աշխատանքների կատարման համար՝ պնդելով, որ դա «Տաշիրի» գումարն է։ Դավթյանին կանչում են գրասենյակ ու մի քանի հոգով ծեծի ենթարկում։

«Գիշերը ժամը 10-ին են կանչում, այնտեղ էին Աշոտ Պարազյանը, Վահե Պարազյանը, իրենց երկու վարորդներն ու երկու թիկնապահները, ինչպես նաև Պարազյանների ընկերներից մեկը։ Ես ասացի, որ իրենք այդ գումարը կարող են 1 ժամում խաղատանը պարտվել, սակայն իրենք ինձ սկսեցին շատ դաժան ծեծի ենթարկել, միակ տարբերակը պատշգամբից դուրս թռնելն էր, բարձրությունը 9.5 մետր էր, թռնելու հետևանքով ես երկու ոտքերս ու ձեռքս կոտրեցի։ Դրանից հետո 15 րոպե հայր և որդի Պարազյանները ջարդված ոտքիս վրա թռվռում էին, արդյունքում բոլոր ջլերն ու երակները վնասվում են»,-պատմել է Դավթյանը՝ հավելելով, որ 8 վիրահատության է ենթարկվել, սակայն հիմա էլ ոտքը կորցնելու վտանգի առաջ է։

Այս դեպքից 1.5 տարի անց հայտնի է դարձել, որ Վահե Պարազյանը մեկ այլ հայ գործարարի է առևանգել ու ծեծի ենթարկել։ Դավթյանը պնդում է որ ծանոթ է այդ գործարարի հետ և ցուցմունք է տալու ռուս ոստիկաններին։ «Ես կապ եմ հաստատել ռուս ոստիկանների հետ՝ իմ անվտանգությունն ապահովելու համար։ Ես փախել եմ այդ երկրից և երկար տարիներ թաքնվել, սակայն հիմա, եթե պետք լինի, Հայաստան էլ կգամ ցուցմունք տալու»,-ասել է Դավթյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ գործարար Վահե Պարազյանին ծեծի ենթարկելու և նրանից ընկերությունից յուրացված 10 միլիոն եվրոն Արցախի աջակցման հիմնադրամին փոխանցելու պահանջի համար:
Քրեական գործ հարուցելուց հետո հայտնի դարձավ, որ Պարազյանի` զոհի կերպարի ստեղծումը արդյունավետ միջոց է 2015 թվականին կատարվածի համար ավելի մեղմ պատիժ ստանալու համար:

Պարզվեց, որ նա ինքն է ժամանակին զբաղվել մարդկանց առևանգելով և գումար պահանջելով, նրա դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցված։




Լրահոս