Նոր կրքեր դատախազությունում. դատախազների շրջանում լուրջ անհանգստություն է տիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազների շրջանում լուրջ անհանգստություն է տիրում: Ազատ Մարգարյանը, որ նախկինում աշխատել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2013-ից` Երեւան քաղաքի դատախազ, 2013-ի վերջին կամ 2014-ին սկզբին արձակուրդ մեկնելու պատրվակով ստացել է ԱՄՆ մեկնելու թույլտվության վիզա եւ առանց աշխատանքից ազատվելու մեկնել է ԱՄն եւ շուրջ 4,5 տարի՝ մինչեւ 2018-ի սեպտեմբերը, մնացել է ԱՄն-ում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱՄՆ-ում խարդախ ճանապարհով բանկային քարտերով հափշտակել է շուրջ 500.000 ԱՄՆ դոլար եւ վերադարձել է Հայաստան:

Այս օրերին դատախազությունում տարածված լուրերի համաձայն` վերջինիս ցանկանում են նշանակել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ձեր կողմից նշված տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Նախ՝ Ազատ Մարգարյանը ներկայումս աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ ունենալով դատախազական գործունեության առավել քան բավարար աշխատանքային փորձառություն:

Երկրորդ՝ Ազատ Մարգարյանը ԱՄՆ է մեկնել օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելու անձնական դիմումի եւ 14.04.2014թ. գլխավոր դատախազի հրամանի հիման վրա: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերի վրա արված հղումներով Ա. Մարգարյանի կողմից ԱՄՆ-ում ինչ-որ խարդախությունների, հափշտակությունների մասին տեղեկություններին, ապա ՀՀ դատախազությունը դրանց վերաբերյալ տվյալներ չունի: Եվ այդ, այսպես կոչված, «լուրերը շրջանառողներին» խորհուրդ ենք տալիս նման կոնկրետ տվյալներ ունենալու դեպքում դրանք ներկայացնել համապատասխան իրավասու մարմիններին:

Հուսանք` իրավապահները կոնկրետ քայլեր կանեն համակարգում տարածված ներքին անհանգստությանը օբյեկտիվ գնահատական տալու համար, միգուցե դատախազների խոսակցությունները արժանահավատ են եւ պետք է կատարվածին իրավական գնահատական տալ կամ հակառակը:

Քնար Մանուկյան




Լրահոս