Ալավերդիի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում կմեկնարկեն հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում հիմնանորոգումը շարունակվում է։ Հիմնականում կատարվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների, հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքներ։

Մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում ներկայում իրականացվում են հենապատի կառուցման, ստորգետնյա կապի մալուխների անցկացման համար անհրաժեշտ խողովակների տեղադրման և դրա հետ կապված հողային աշխատանքներ։ Նշենք, որ գործող երթևեկության պայմաններում աշխատանքների՝ միանգամից, ամբողջ ծավալով իրականացումն անհնար է, քանի որ ճանապարհը բավականին նեղ է, և այդ պարագայում կփակվի ամբողջ երթևեկելի մասը։ Այս հանգամանքից ելնելով՝ մոտավորապես մեկ շաբաթ հետո, երբ կապի մալուխների խողովակների մեծ մասը տեղադրված կլինի, և փորված խրամուղին կծածկվի, նշված հատվածում կմեկնարկեն հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։

Կապալառու կազմակերպության կողմից նաև աշխատանքներ են տարվում՝ մինչև տարեվերջ նշված հատվածում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտելու և երթևեկելի պայմաններ ապահովելու համար։

Տեղեկացնենք, որ նորոգվելու են նաև Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջները. վերականգնման նախագծային աշխատանքներն ավարտված են, և այժմ իրականացվում է կամուրջների վերականգնումը Վանաձոր-Ալավերդի-

Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրում ներառելու գործընթացը։ Նշենք նաև, որ Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման վերջնաժամկետը 2020թ. նոյեմբերն է։




Լրահոս