Օրերս ոստիկանությունը , տեսանութ էր տարածել այն մասին, որ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կողբ գյուղի բնակիչ տղամարդու տան բակում հայտնաբերել են սոճուց պատրաստված 51 խորանարդ մետր տախտակ:
Տեսանյութում նշվում է, որ տանտերը դրա ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հայտնել եւ չի ներկայացրել օրինականությունը հաստատող փաստաթուղթ, նշանակվել է մասնագիտական ստուգում, ակնհայտ հանցավոր ճանապահով գույք ձեռք բերելու փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ տախտակը պատկանում է Կողբի բնակիչ Սերժիկ Ղուլիջանյանին:
Նա փայտամշակման արտադրամաս ունի, որը վերջին տարիներին ակտիվ չի գործում: Սերժիկ Ղուլիջանյանն ասաց, որ իր արտադրամասում կուտակված տախտակի օրինական ծագման վերաբերյալ փաստաթղթերը առկա են: Նա հայտնեց, որ իր արտադրամասում կուտակված շինափայտը ոչ թե ամբողջությամբ սոճի փայտից է, այլ սոճու, բարդու եւ լորենու փայտից, ամբողջ ծավալն էլ ոչ թե 51, այլ 17 խորանարդ մետր է: Այդ շինափայտի մի մասը 2014թվականին, մյուս մասը` հաջորդ տարիներին է ձեռք բերվել: 17 խորանարդ մետրից 5 խորանարդ մետրը լորու ծառի տախտակ է, այն մեկ մետր երկարություն ունի:
Սերժիկ Ղուլիջանյանը պնդում է, որ լորուց տախտակը ինքն իր արտադրամասում պատրաստել: ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի պետի պաշտոնակատար Դավիթ Խառատյանն ասաց, որ Սերժիկ Ղուլիջանյանի փայտամշակման ձեռնարկությունում ոստիկանները սխալ են հաշվարկել այնտեղ առկա շինափայտի քանակը, քանի որ տախտակը դասավորված է խաչաձեւ, ինչը սխալ հաշվարկի պաատճառ է դարձել:
Նա հայտնեց, որ սոճու եւ բարդենու տախտակի ձեռքբերման վերաբերյալ կան օրինական փաստաթղթեր, իսկ լորենու տախտակի համար առկա է վառելափայտի փաստաթուղթ, սակայն այդ փաստաթղթում նշված է միայն վառելափայտի մասին, սակայն գրված չէ, թե ինչ ծառատեսակի վառելափայտ է. այդ հարցը կպարզի նախաքննական մարմինը: Հավաստի տեղեկություններով` մոտ 10 օր առաջ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի շուրջ 30 աշխատող շաբաթ եւ կիրակի օրերին ստուգել են Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառները, նաեւ ծառերի հատատեղերը, սակայն ապօրինի ծառահատման դեպք չեն հայտնաբերել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ