Սննդի անվտանգության ազգային ռազմավարությունը` ԱՄԷ-ում. բացառիկ հարցազրույց ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիին է: Ըստ դեսպանի` սննդի անվտանգությունը հասարակության յուրաքանչյուր անդամի` մշտապես որակյալ սննդից օգտվելու եւ առողջ ապրելու գրավականն է:

-Հարգարժա՛ն պարոն դեսպան, ցանկանում ենք այս հարցազրույցի ընթացքում անդրադառնալ սննդի անվտանգության թեմային: Կարո՞ղ եք ասել` որն է սննդի անվտանգության ազգային ռազմավարությունն Արաբական Միացյալ Էմիրություններում:

-Սննդի անվտանգությունն ԱՄԷ-ի կառավարության համար գերակա խնդիր է, ուստի պետությունը ձգտում է նպաստել պարենային անվտանգության բարձրացմանը եւ կայունության հաստատմանը` ապահովելով ԱՄԷ-ի հասարակության կյանքի բարձր որակը: ԱՄԷ-ն ձգտում է սննդի անվտանգության ցուցանիշով մինչեւ 2051 թվականը դառնալ աշխարհում լավագույն երկիրը, իսկ մինչեւ 2021թ.-ը ընդգրկվել լավագույն երկրների տասնյակում:

-Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ռազմավարության համաձայն` որո՞նք են անվտանգ սննդի արտադրության հիմքերը:

-Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, տեղական արտադրության եւ սննդի աղբյուրները բազմազանեցնելու համար միջազգային համագործակցության զարգացումը, սննդի բարելավմանը նպաստող քաղաքականության եւ օրենսդրության մշակումը, նաեւ արտադրության բոլոր փուլերում եւ պայմաններում վատնումների կրճատումը եւ սննդի անվտանգության ապահովումը:

-Իսկ որո՞նք են Արաբական Միացյալ Էմիրություններում պարենային անվտանգության ռազմավարության ընդհանուր նպատակները:

-Ռազմավարության գլխավոր նպատակներից են սննդի ոլորտի կարողությունների ուսումնասիրությունը, ջրային պաշարների ավելացման ծրագրի մշակումը, գյուղատնտեսական արտադրության ոլորտում բիզնեսի ընթացակարգերի պարզեցումը, սննդի արտադրության մեջ խելացի տեխնոլոգիաների կիրառումը, գյուղատնտեսական պայմանագրային գործընթացների պարզեցումը, տեղական գյուղատնտեսական արտադրանքի սակագների համապատասխանեցումը միջազգայինի հետ` բարելավելու ներքին արտադրությունը, տեղական թարմ մթերքների սպառման խրախուսումը, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ սննդի ոլորտում գործունեության ֆինանսավորման համակարգերի աջակցումը:

-Ըստ Ձեզ` ինչպե՞ս կարելի է ապահովել սննդի անվտանգությունը եւ բարելավել պարենային համակարգերը:

-Սննդի անվտանգության ապահովումը հնարավոր է իրականացնել` ստեղծելով ազգային սննդի անվտանգության վերապատրաստման ծրագրեր, ամրապնդելով անվտանգության ընթացակարգերը եւ կանխարգելման միջոցներ ձեռնարկելով առեւտրային սննդի գործունեության ոլորտում, ինչպես նաեւ անհրաժեշտ է սննդամթերքի անվտանգության վերաբերյալ դասընթացներ անցկացնել դպրոցներում, անառողջ սննդի օգտագործումը նվազեցնելու համար ցուցանակներ տեղադրել` յուրաքանչյուր սննդամթերքի սննդային բաղադրիչների վերաբերյալ, եւ տեղեկատվական արշավներ ձեռնարկել` բնակչությանը իրազեկելով սննդի անվտանգության կարեւորության մասին:

-Ի՞նչ եք կարծում, որո՞նք են սննդի անվտանգության մարտահրավերները:

-Ներկայումս նկատելի են մի շարք մարտահրավերներ, որոնք սպառնում են սննդի անվտանգությանը, ինչպես, օրինակ, ջրի սակավությունը: Այսօր աշխարհում ավելի քան 950 միլիոն մարդ տառապում է քաղցից և ծարավից. հողերի նկատմամբ ուշադրության պակասը, կլիմայի փոփոխությունը, բույսերի ախտահարումը եւ կանխարգելիչ միջոցների բացակայությունը, կոռուպցիայի ու անարդարության տարածումը հասարակության մեջ, բնակչության թվի գերաճը..

-Որո՞նք են սննդի անվտանգության ապահովմանն ուղղված Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությունները:

-Սննդի անվտանգության ազգային ռազմավարությունը ներառում է 38 հիմնական կարճաժամկետ եւ երկարաժամկետ նախաձեռնություններ (Vision 2051, Agenda 2021)` կենտրոնացված հինգ ռազմավարական ուղղություններում: Դրանք են`

1.սննդի համաշխարհային առեւտրի պարզեցում,

2.սննդի ներմուծման աղբյուրների բազմազանեցում,

3.սննդամթերքի սպառման եւ ներմուծման ծավալների մեջ ներդրումների դերի բարձրացում,

4.ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով տեղական արտադրության զարգացում,

5.հիմնական սննդամթերքի արտադրության աճի ապահովում:

-Պարո՛ն դեսպան, ինչպե՞ս է Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում նվազեցնել սննդի թափոնները:

-Սննդի թափոնների եւ վատնումների նվազեցման նպատակով ԱՄԷ-ն ձգտում է մշակել համապարփակ համակարգ եւ կարգավորող կառույցներ, որոնք կդասակարգեն թափոնները եւ կկազմակերպեն դրանց վերամշակման գործընթացը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս