Կապանում սողանքից երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա Պ.-ի (ծնված 1950 թ.) դին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: