Ամեն ինչ մշուշոտ է. Մադրիդում խավարը չի բացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» դրսում նվազագույն հաշվով պարտվեց «Մալյորկային»: Այս պարտությունից հետո «քուն մտած» քննադատությունների տարափն արթնացավ ու դիրքավորվեց մարզիչ Զինեդին Զիդանի ուղղությամբ:

Անշուշտ, իսպանական գրանդը այս մրցաշրջանում նույնպես չէր փայլում, բայց չգիտես` ինչ հրաշքով, ներքին առաջնությունում ամեն ինչ կարգին էր մինչ «Մալյորկային» հանդիպելը: «Արքայական ակումբի» ցուցադրած խաղը եւ դրանից բխող արդյունքները շատ վատն են, ինչն էլ կարող է պատճառ դառնալ Զինեդին Զիդանի պաշտոնանկության: Իսպանական հեղինակավոր պարբերականները պնդում են, որ Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի թուրքական «Գալաթասարա»-ի դեմ խաղում տապալվելու դեպքում Զիզուն կհեռանա թիմից:

Եթե լինենք իրատես, ապա այս արդյունքները Զիդանի հետ կապ չունեն: Մադրիդում քաոս է տիրում բոլոր առումներով. թիմի մի շարք առաջատարներ վնասվածքներ ունեն, ակումբի աստղային նորեկ Էդեն Ազարը այդպես էլ չի կարողանում ցուցադրել այն խաղը, որի համար վճարվել է 100 մլն եվրո: Ակումբի ղեկավարությունը կարծում էր, որ թիմում տիրող վատ իրավիճակը կապված էր Զիդանի հեռանալու հետ, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, ֆրանսիացու ներկայությունն էլ ոչինչ չփոխեց: Այո, իրականում Զիդանի հաջողությունները կապված էին «Ռեալի» գերմոտիվացված լինելու հետ, իսկ հիմա չկա մոտիվացիա, կարծես չկա խաղային ձեռագիր, եւ որն ամենակարեւորն է, չկա առաջատար: Ազարը, որը պետք է զբաղեցներ Կրիշտիանու Ռոնալդուի տեղը, ընդհանրապես չի տպավորում եւ չի կարողանում արդյունք ապահովել թիմի համար:

Ինչպես ասում են, ամեն ինչ անցողիկ է` ե՛ւ հաղթանակները, ե՛ւ պարտությունները: Անցան մադրիդյան թիմի լավ օրերը, եւ վստահությամբ կարող ենք ասել, որ կանցնի նաեւ ճգնաժամը:

Շատ հնարավոր է, որ Զիդանը պաշտոնանկ արվի, եւ նրա փոխարեն Իսպանիայի մայրաքաղաք տեղափոխվի անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Սա ամենահավանական տարբերակն է քննարկվողներից: Մոուրինյոն կարող է վերադառնալ այն թիմ, որը հենց ինքն է կառուցել: Հենց պորտուգալացի մարզիչը դրեց «գիշատիչ» «Ռեալի» հաջողությունների սկիզբը:
Կա մեկ այլ թեկնածու, ում Մադրիդ ժամանելը նույնպես հավանական է, բայց միայն այն դեպքում, եթե «Առանձնահատուկի» հետ պայմանագիր ստորագրել չհաջողվի:

Թուրինի «Յուվենտուսի» հետ բազմիցս Սկուդետոն նվաճած Մասիմիլիանո Ալեգրին կարող է նոր ճանապարհ սկսել ֆուտբոլի պատմության ամենահեղինակավոր ակումբներից մեկի ղեկին:
Ինչեւէ, պետք է փաստել նաեւ, որ Զիդանի պաշտոնանկությունը կարող է նոր «կաթվածի» պատճառ դառնալ մադրդիյան թիմի ֆուտբոլիստների համար:

Բայց ֆուտբոլի չգրված օրենքներից մեկը հենց սա է. հաղթում են ֆուտբոլիստները, պարտվում` մարզիչները: Այսպիսով, այսօր կայանալիք Չեմպիոնների Լիգայի «Գալաթասարայ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը ճակատագրական է Զիդանի եւ մադրիդյան թիմի համար: Այս կարեւորագույն հանդիպումը «Ռեալից» բաց կթողնեն Մարկո Ասենսիոն, Գարեթ Բեյլը, Լուկա Մոդրիչը եւ Նաչոն, իսկ, ահա, Էդեն Ազարի եւ Տոնի Կրոսի մասնակցությունն էլ հարցականի տակ է:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի A խմբում Զիդանի թիմը վաստակած 1 միավորով վերջին` չորրորդ տեղում է եւ այս խաղում հաղթանակ չտանելու դեպքում կշարունակի մնալ այդ դիրքում:
Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս