Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 22-ին Շահին Մուստաֆաեւին նշանակել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ: Վերջինս մինչ այդ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն էր: Շահին Աբդըլլայի Մուստաֆաեւը ծնվել է 1965թ. Նոյեմբերյան քաղաքի հարեւանությամբ գտնվող Ջուջեւան գյուղում։ Նրան այդ ժամանակ Շահեն էին կոչում:
Նա ուսում է ստացել Ջուջեւանի ութամյա, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում եւ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում(2 տարի է սովորել)։ Նա Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ:
Ծնունդով Ոսկեվանից, ներկայումս Ղրիմում գործարարությամբ զբաղվող Սերգեյ Եգանյանը Շահին Մուստաֆաեւի մասին ասում է. «Ես վկա եմ եղել 1988թ. փետրվարի 20-ին` ժամը 22-ին, Ազատության հրապարակում Շահին Մուստաֆաեւի ելույթին: Իր ելույթում նա կրկնեց Նարիման Նարիմանովի 1920թ. դեկտեմբերի 2-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ նշվում է, որ Նախիջեւանը, Զանգեզուրը եւ Ղարաբաղը հայկական տարածքներ են, այլեւս մեր միջեւ վիճելի տարածքներ չկան: Շահինը նաեւ նշեց, որ Ղարաբաղը հայկական տարածք է, եւ Ղարաբաղի ժողովրդի պայքարն արդարացի է»:
Ոսկան Սարսգյան
Տավուշ