Երեւանում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսական բեռը թեթեւացնելու նպատակով առաջիկայում կկիրառվեն տեղական տուրքի արտոնություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց` 2019 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2020 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կկիրառվեն դրույքաչափի նվազեցման արտոնություններ:
Երեւանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար կսահմանվի 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով: Իսկ առեւտրի օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 72.92 տոկոսի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի վարչական տարածքում հանրային uննդի եւ զվարճանքի օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար կսահմանվի 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով:
Ի դեպ, այս որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երեւանի քաղաքապետին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը` տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին: Բացի այս, նախատեսված արտոնությունները կկիրառվեն նաեւ այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել են 2020 թվականի հունվարի 1-ից:
Սյունէ Համբարձումյան