Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Նոր Հաճնում ողբերգական դեպքի պատճառով մահացած երեխաների հայրը՝ Արման Մարգարյանն ամենաուշը վաղն ազատ կարձակվի:
«Առաջիկա ժամերին հայտնի կդառնա դատարանի վճիռը, քանի որ նա Ռուսաստանի Դաշնությունում մի շարք խախտումներ է կատարել, որի պատճառով դատարանում պետք է գործը քննվի: Գործը մեր ուշադրության կենտրոնում է գտնվում, և ամենաուշը վաղն առավոտյան կլինի Հայաստանում» ,-ասաց Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը:
Հիշեցնենք, որ երեկ հրապարակումից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց խնդրին․ նա մասնավորապես տեղեկացրել էր․
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու տվյալ տարածաշրջանում մեր գլխավոր հյուպատոսարանն զբաղվում են խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։ Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրն արդեն կկարգավորվեն վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթային խնդիրներն, ու Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին։ Կրկին անգամ ցավակցում եմ այդ ընտանիքի բոլոր հարազատներին ու մեր Նոր Հաճնի հանրությանը՝ այս ողբերգության կապակցությամբ. խորը կսկիծ եմ ապրում։
Աստված պահապան բոլորիդ»
Լիդա Եղիազարյան