«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին Արցախում տեղի կունենա Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որը ղեկավարում է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Կուսակցությունը կհայտարարի գարնանն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին իր մասնակցության մասին, նախագահի թեկնածու կառաջադրի Աշոտ Ղուլյանին, որի մեկնարկային դիրքերը փոքր-ինչ լավ են Մասիս Մայիլյանից, բայց երկուսն էլ զիջում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին։
«Արայիկ Հարությունյանը շատ ակտիվ է աշխատում, մանավանդ՝ թիմակիցներով Հայաստան այցելելուց եւ ՀՀ իշխանությունների հետ հանդիպումից հետո։ Ասում են՝ Մասիս Մայիլյանի թիմն էլ հստակ հարց է դրած եղել հայաստանցիների առաջ՝ ճշտել, թե ում է պաշտպանում Հայաստանը։
Նրան հասկացրել են, որ, որպես անցողիկ թեկնածու, Արայիկ Հարությունյանի վրա են կանգ առել։ Բայց ուժերի հարաբերակցությունն ամեն րոպե կարող է փոխվել, եւ հնարավոր է Աշոտ Ղուլյանի կողքը կանգնեն բոլորը` գեներալիտետը, հայաստանյան ընդդիմադիրները, մեդիա-տեխնոլոգիաները, ռուսաստանյան որոշ գործարարներ։ Խոսվում է Կամո Ավակումյանի, Գենա Ստեփանյանի (Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոնի քավորն է) մասին։ Ժամանակ դեռ կա, պետք է սպասել»,- ասաց արցախյան աղբյուրը:
Մեր հարցին` նախագահական ընտրություններում ո՞ւմ է տեսնում որպես մրցակից, Աշոտ Ղուլյանն ասաց. «Չեմ կարծում, որ այս պահին կարելի է վերջնական պատասխան տալ այդ հարցին. մրցակցային դաշտը նոր-նոր է ձեւավորվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում