ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեության դաշտն ընդլայնելու օրենքի նախագիծը:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Առաջարկում եմ, որ E-draft.am հարթակում հրապարակվեն և հանրային քննարկման արժանանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ ակտերի նախագծերը: Տեխնիկապես դա տեղի է ունենալու հետևյալ կերպ՝ ՏԻՄ-երն իրենց համացանցային պաշտոնական կայքում կհրապարակեն իրենց որոշումների նախագծերը, և դա կարտացոլվի e-draft.am հարթակում: Օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել նաև ՏԻՄ-երի համացանցային պաշտոնական կայքերում ընդլայնվող տեղեկությունների տեսակները: Նախատեսվում է նաև, որ համայնքի ավագանու նիստերը ուղիղ եթերով կհեռարձակվեն համայնքի պաշտոնական կայք էջում, եթե համայնքն ունի 3000 և ավելի բնակիչ»,- նշեց Նազարյանը:
Օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց 93 կողմ, 2 դեմ և 14 ձեռնպահ ձայներով: