Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Եվ հետաքրքիր է, որ նախագծի հիմնական զեկուցողը ոչ թե ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր, այլ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Նախարարի բացակայությանն անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Սա այն օրենքն է, որը նա աշխուժորեն լոբբինգ էր անում, եւ կարծում եմ՝ Ազգային ժողովին պատիվ կլիներ, որպեսզի նախարարը ներկայացներ այդ օրենքը եւ ոչ թե նախարարի տեղակալը», – նշել էր նա:
Եվ, իսկապես, նախարարն այս օրենքի գլխավոր ջատագովն էր եւ փորձում էր ամեն հնարավոր եւ անհնար միջոցներով գովազդել այս օրինագծի կարեւորությունը, սակայն գլխավոր քննարկման ժամանակ ներկայանում է ոչ թե ինքը, այլ փոխնախարարը, որը, նկատենք, նրա ամենավստահելի մարդկանցից է, նախարարին ուղեկցել է անգամ հանձնաժողովներում այս նախագծի քննարկման ժամանակ եւ շատ դեպքերում հենց ինքը պատասխանել պատգամավորների հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործուղման է, եւ նիստից բացակայելու ու զեկուցողի փոփոխության պատճառը հենց դա է: