Հայաստանը տեխնոլոգիական կետրոն դարձնելու համար տարեկան 1,3 մլրդ դրամ կպահանջվի․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է․ ««Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական կայքում ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

Դրա հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման 7.1 կետով, համաձայն որի, կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որին հասնելու և բարձր տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար իրականացվող քայլերից է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մշակումն ու իրագործումը:

Այն հնարավորություն կտա, օգտագործելով հայկական գիտական միտքը և հնարավորությունները, տեխնոլոգիական և սփյուռքի ներուժը, ընդլայնել համաշխարհային տեխնոհսկաների հետ գործակցության աշխարհագրությունն ու հնարավորությունները:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար պետբյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ:

Նախարարության ներկայացրած հավելվածում նշվում է` ծրագիրն իր տեսակով առաջինն է և խոշորագույնը, որն անմիջականորեն իրականացվելու է Սփյուռքի տեխնոհամայնքի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։

Այն հայկական ստարտափ ընկերություններին ու ձեռներեցներին հնարավորություն կտա պետական աջակցությամբ և հատուկ մշակված օրակարգով այցելել Սիլիկոնյան հովիտ, մասնակցել կատարելագործման ծրագրերին։

Նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ընթացքին համընթաց շարժվելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել կենսունակ ցանցային համակարգ, որի միջոցով հայկական ընկերությունները ճկուն ձևով հնարավորություն կունենան կապ հաստատել տեխնոհսկա ընկերությունների ներկայացուցիչների հետ, ներկայացնել իրենց արտադրանքը, բանակցություններ վարել տարբեր ներդրողների հետ։

Այս ամենը «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորագույն նպատակներից է։ Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանը կդառնա տեխնոլոգիական կենտրոն և «հաբ»։ Այն բաղկացած է 4 խոշոր բաղադրիչից, որոնցից յուրաքանչյուրն իր առջև դնում է կոնկրետ նպատակներ և խնդիրներ:

2020 թվականից սկսած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 15 հաջողակ ձեռներեցներ հնարավորություն ունեն, ստանալով պետական ամբողջական կրթաթոշակ, մասնակցել յոթ շաբաթ տևողությամբ դասընթացներին:

Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեն իրենց ստարտափ գաղափարը և արտադրանքը ներկայացնել վենչուր կապիտալիստներին, ներդրողներին, որը բացառիկ հնարավորություն է ընկերությունների համար: Ինչպես արդեն նշվեց, ծրագրի բաղադրիչներից մեկն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական «հաբ»:

Այս բաղադրիչի հիմնական նպատակը տաղանդի ներհոսքի ապահովումն է, որը բխում է նաև կառավարության որդեգրած քաղաքականությունից, նպատակ ունենալով Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր:

Նշված դրույթն իրագործելու համար Հայաստանը պետք է դառնա «հաբ»` տաղանդի, գաղափարների ազատ մուտքի և ելքի հնարավորություններով երկրների հետ:

Որպես հիմնական կարևորագույն գործոն Սփյուռքի ներուժի օգտագործումն է:

Այս բաղադրիչի իրականացման կարևորագույն մասն է կազմում «Ներուժ» սփյուռքի ստարտափ ծրագիրը:

Դրա նպատակն է հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը, աջակցել մեր երկրում ներդրումների իրականացմանը, ինչը կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանը, սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել Հայաստանում խթանելու ստարտափերի համակարգի կայացմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

Նշվում է, որ միևնույն ժամանակ ծրագրի իրականացումը կնպաստի դեպի Հայաստան հայրենադարձության խթանմանը: «Ներուժի» խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնելը, որտեղ կարելի է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:




Լրահոս